ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող բացատրել, թե ինչու էր Սերժ Սարգսյանին հարկավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ելույթով հանդես գալ։ Այս մասին նա ասել է 2rd.am կայքի հետ զրույցում։
«Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա», ֊ հայտարարել է Քոչարյանը:
Վերջինս կարծիք է հայտնել, թե իշխանությունները դեռևս ստեղծված իրավիճակից ելք ունեն, այն է՝ կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն:
«Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում, և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:
Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ», ֊ ասել է Քոչարյանը: