ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»:
Նշենք, որ Հայաստան֊Թուրքիա արձագրությունները ստորագրվել են Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Արձանագրություններում, մասնավորապես, նշված էր, որ դրանք վավերացնելու դեպքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու, բացվելու է Հայաստան֊Թուրքիա սահմանը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով է ստեղծվելու՝ «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ ուսումնասիրության համար»։
Հատկապես այս վերջին կետը, որի համաձայն, պետք է ուսումնասիրվեին Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը, դժգոհություն էր առաջացրել ընդդիմադիր ուժերի շարքում։ Մասնավորապես, Արձանագրությունների ստորագրման օրը «Հայ Ազգային Կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն Արձանագրությունները գնահատել էր որպես «ցյուրիխյան ուրացում»։ Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամ հանդես են եկել Արձանագրությունները հետ կանչելու պահանջով։