Ոչ իշխանական եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն», փետրվարի 20-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Նման որոշում է ընդունվել երեք ուժերի առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ կայացած հանդիպման ժամանակ։
Ինչպես նշված է կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, շտապ համազգային հավաքը հրավիրվում է՝ «ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում քննադատության էր ենթարկել Գագիկ Ծառուկյանին՝ հայտարարելով, որ վերջինս ազատվում է Ազգային անվտանգության խորհրդից, բացի դա, առաջարկելով ստուգել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների հարկային պարտավորությունների կատարումը։
Ծառուկյանը պատասխան ելույթում հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով իշխանափոխության անհրաժեշտության մասին։