Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հարուցված քրեական գործով կալանավորվել էին Բարսեղյանի 4 ծառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
Galatv.am֊ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ասել էր, որ իր որդին սպանվել է քնած ժամանակ։ Այդ տեղեկությունը նրան քննիչներն են հաղորդել։
«Դեպքը՝ սպանությունը, գիշերն է եղել։ Հերթապահն ասել է, որ երեք անց կես շրջել է ննջարաններով, Հայկազը այդ ժամանակ քնած է եղել: Իսկ հետո ինքն էլ է գնացել քնելու, ու գործողությունը կատարել են հերթապահի ստուգումներից հետո: Այդ օրը բանակի օրն էին նշել: Ամեն ինչ հանգիստ է թվացել, ինքն էլ երեքից հետո հանգիստ գնացել է՝ քնի: Այդ մասին ինձ պետն է ասել: Ասաց՝ բերանը փակել են շորով, դանակով հարվածել են թևին, նոր վերջում տարել կախել են: Դեմքին՝ շրթունքի վերևի հատվածում, խփված էր, ու լավ գրիմ արած էր, ձախ այտի վրա հետք կար՝ գրիմով փակած էր: Թևերը՝ մինչև արմուկները արյան մեջ են եղել:
Ասացին, որ մահացել է շնչահեղձ լինելուց, քանի որ բերանը փակել են: Երեխիս տանջամահ են արել, հետո տարել, կախել են: ինձ թվում է՝ մահացած է եղել, նոր տարել են, որ կախեն իմիտացիա ստեղծեն, որ իբր կախված ա», ֊ ասել էր Արկադի Բարսեղյանը: