Հայաստանում պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Այս մասին Zham.am կայքի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։
«Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա», ֊ ասել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ հարկավոր է կատարել քայլեր, որոնք արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը:
«Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը, և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա՝ մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու:
Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում», ֊ ասել է ԲՀԿ-ի ղեկավարը:
Նա հայտարարել է, որ այլև հետդարձի ճանապարհ չկա, և ինքը գնալու է մինչև վերջ՝ մինչև Հայաստանը «նորից սկսի շնչել»։
« Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ես ասացի, որ ոմանք ինձ հարցնում են, թե՝ Ծառուկյան, քո՞ ինչին է պետք: Իրոք, ինձ անձամբ ինչո՞ւ է պետք: Ինքնահաստատվելո՞ւ, փառքի՞, փող աշխատելո՞ւ համար: Ի՞նչ մասնավոր խնդիր եմ ես լուծում: Ոչ մի: Բայց ես չեմ կարող լինել անտարբեր, երբ իմ աչքի առաջ Հայաստանը թուլանում է, ժողովուրդը հուսալքվում, օր օրի հազարավոր մարդկանց բարեկեցությունն ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը բառիս բուն իմաստով ոչնչանում է, և երկիրը կանգնում է անդառնալի կորուստների առաջ: Ես այդ մարդը չեմ: Այնպես որ այդ հեքիաթը վաղուց արդեն սպառվել է, թե՝ մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն», ֊ եզրափակել է Ծառուկյանը: