ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվել է IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավար։ IdeA֊ի հիմանդիրներն են ռուսաստանցի գործարար ռուբեն Վարդանյանը և նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար», – հիմնադրամի մամուլի ծառայությունը փոխանցում է Գևորգյանի նշանակման մասին Ռուբեն Վարդանյանի խոսքերը:
Գևորգյանը, իր հերթին, հայտարարում է, որ, աշխատելով Հայաստանի կառավարությունում, ինքը համագործակցել է Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների հետ տարբեր ծրագերի շրջանակներում։
«Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», – ասել է Գևորգյանը:
Արմեն Գևորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997 թվականից մինչև 2014 թվականը՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնները: Փոխվարչապետի պաշտոնից Գևորգյանը հրաժարական է ներկայացրել 2 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 16-ին։