Home / Հայաստան / 76-ամյա կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ բռնության առթիվ գործ չի հարուցվել․ բաց նամակ

76-ամյա կնոջ և իրավապաշտպանի նկատմամբ բռնության առթիվ գործ չի հարուցվել․ բաց նամակ

76-ամյա Զինաիդա Գյոզալյանի և «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի (լուսանկարում) նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է ընդունել: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ որոշման մասին բողոք ներկայացնելով դատախազություն: 

«Մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցները Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնությունների ենթարկեցին տարեց կնոջը, իսկ երբ ես փորձեցի խոչընդոտել նրանց, ինձ կողպեցին փակ սենյակում: Ավելի ուշ, երբ Զինա Գյոզալյանին դուրս էին շպրտել իր տնից, ինձ ազատություն «պարգեւեցին» և պատճառելով մարմնական վնասվածքներ, բառի բուն իմաստով դուրս շպրտեցին տարածքից՝ ինձ նետելով բետոնե աստիճանների վրա: Մարմնական վնասվածք պատճառելը ՀՔԾ պետի տեղակալը դիտեց որպես «նուրբ գրկել և տեղափոխել»»,- դեպքի մանրամասներն է ներկայացրել Մարինա Պողոսյանը: 

Ըստ նրա՝ քրեական գործ հարուցելն ի սկզբանե կրել է ձևական բնույթ, քանի որ չի անցկացվել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և ի վերջո գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իրավապաշտպանը նշել է, որ կարճման մասին որոշումը նույնիսկ չի ուղարկվել տուժողին: 

«Հո՞ ամեն տուժողի չեմ զանգի կանչեմ ու քրգործի կարճման որոշում տամ։ Տուժողներից մարդ էր եկել երկու ամիս առաջ, Ձեր որոշումը իրան տվի, չվերցրեց, հո՞ առանձին չէի տալու»,- ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ս.Վ. Սարգսյանի խոսքերն է փոխանցում իրավապաշտպանը: