ՀՀ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել է խոշոր ձեռնարկատեր, պատգամավոր, խորհրդարանական երկրորդ խոշորագույն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից վտարելու գործընթացի մեկնարկի մասին։ Ծառուկյանն ի պատասխան հայտարարել է իշխանափոխության գործընթացի մեկնարկի մասին՝ մինչ այդ զրկվելով Ազգային անվտանգության խորհրդում իր անդամակցությունից։ Ստեղծված իրավիճակը Epress.am֊ի հետ գրավոր հարցազրույցում մեկնաբանել են հասարակական ու քաղաքական ակտիվիստներ Զառա Հարությունյանն ու Անտոն Իվչենկոն։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև․
֊ Իհարկե, խոսում ենք երկու «քաղաքական գործիչների» «մրցակցության» մասին․ նրանց կուսակցությունները, կարելի է ասել, սկսվում ու վերջանում են հենց իրենցով։ Ծառուկյանի ու Սարգսյանի կուսակցությունները, ընդհանուր առմամբ, հիմնական քաղաքական հարցերի վերաբերյալ ունեն նույն տեսակետները՝ վերաբերմունքը սեփականությանը, «իշխանությանը», պետությանը, ռեսուրսների բաշխմանը, բարոյականությանը, պատվին, հոգևոր արժեքներին, ազգին ու նույնիսկ արտաքին քաղաքականությանը։ Նման պայմաններում երկու կուսակցությունների հնչեցրած քննադատությունը կարող է միայն երկու տեսակի լինել․
1․ Հակառակորդն անգործունակ է (հիմար, անհաշվենկատ, և այլն)
2․ Մենք ավելի լավ կանենք, քան՝ հակառակորդը։ Հակառակորդն ավելի վատ է անում, քան մենք կանեինք, կամ չի անում այն, ինչ խոստացել էր (իսկ մենք խոստանում ենք և կանենք)։
֊ Կարո՞ղ է ստեղծված իրավիճակը փոխել հասարակության՝ քաղաքականության ընկալումը։
֊ Ավելի շուտ՝ ոչ։ Փոխվել է այն, որ երկու կասկածելի գործիչների (այլ ոչ՝ քաղաքական ծրագրերի/գաղափարախոսությունների/տնտեսական ուսմունքների և նույնիսկ (բուն իմաստով) կուսակցությունների) միջև քաղաքական դիմակայությունը հասել է յուրատեսակ գագաթնակետի։ Այսինքն՝ տարբերությունը քանակական է, այլ ոչ՝ որակական։
Թագավորության խոշորագույն վասալը (նախկինում՝ սյուզերենի հավատարիմ ծառան) հայտարարել է, որ սյուզերենն ամբողջ թագավորությունը տանում է դժոխք, իսկ սյուզերենն ի պատասխան ասել է, որ վասալը (նախկինում՝ հավատարիմ ծառան) մեծամտացել է ու մոռացել սեղանի շուրջ գինու բաժակը լցնելու և կպչուն խնդրարկուներին քշելու իր կոչման մասին։
Ընդ որում` թե սյուզերենը, թե վասալը նույն բանն են ասում՝ նման մարդիկ վնասակար են պետության համար։
Այս լույսի ներքո, Սերժի՝ ֆեոդալական տրամաբանությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին խոսքերը մի փոքր ծիծաղելի են։
֊ Ստեղծված իրավիճակը նպաստո՞ւմ է քաղաքացիների քաղաքական ու հասարակական ինքնակազմակերպմանը։
֊ Պետք է հստակեցնել, թե ում ինքնակազմակերպման մասին է խոսքը։ Հանրապետականների ինքնակազմակերպումն ապրիորի անհնար է․ այնտեղ կա հսկայական բյուրոկրատական ապարատ, որը կկազմակերպի, բայց թույլ չի տա/չի նպաստի ինքնակազմակերպմանը։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա այո, այն նպաստում է ինքնակազմակերպմանը կուսակցության այն բուռն համակիրների շրջանում, որոնք զգում են՝ հասել է վճռական պայքարի ժամը։ Դիմակայության սրման դեպքում, դա կնպաստի նաև բնակչության՝ քաղաքականապես չեզոք, բայց «դժգոհ» հատվածի ինքնակազմակերպմանը։ Հնարավոր է՝ նաև ընդդիմադիր այլ ուժերի կողմնակիցների, համենայնդեպս նրանց, ովքեր Դոդի Գագոյի հանդեպ հակակրանք չեն զգում։
Մյուս կողմից, վերջինները «Բարգավաճ Հայաստանի» հավատարիմ համակիրների կողմից, ըստ ամենայնի, կընկալվեն որպես դաշնակից թշնամիներ։ Այսինքն՝ կմերժվի նրանց սուբյեկտությունը։ Պետք չէ շտապել ուրախանալ նման ինքնակազմակերպման համար։ Ինքնակազմակերպումը լավ երևույթ է, բայց բուրգի տեսքով կառուցվող ինքնակազմակերպումը, որի գագաթին կնստեցվի Դոդի Գագոն, ով, իր հերթին, կբերի երջանկություն/խաղաղություն/բարգավաճում, ակնհայտորեն, ամենաառաջադեմ երևույթը չէ։
Ներկայումս ընդդիմադիր կոալիցիան բաժանում է չսպանված արջի մորթին։ Իրադարձությունների զարգացման ու ընդդիմության հարաբերական հաջողությունների դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, պառլամենտարիզմի ամենաամոթալի դրսևորումներից մեկի ականատեսը կդառնանք։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ առնվազն Լևոն Տեր֊Պետրոսյանը մինչ օրս կրում է նախագահական հավակնությունների բեռը։ Որքան ավելի քիչ բավարարվեն «Ժառանգության» ու «Հայ Ազգային Կոնգրեսի» հավակնությունները, այնքան ավելի քիչ եռանդ նրանք կներդնեն գործընթացի մեջ։ Որքան ավելի շատ ազդեցություն ձեռք բերեն, այնքան ավելի զգուշավոր քաղաքականություն կվարի «Բարգավաճ Հայաստանը»։
Ընդդիմությունը պետք է ազդեցության հավասարակշռություն փնտրի, կամ, առնվազն, պարզ տեսնի, թե մինչև որ պահն են համընկնում իրենց քաղաքական շահերը, այսինքն՝ մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը «պատրաստ կլինի լսել ընդդիմության պահանջները»։ Այդ պահից սկսած, ամենայն հավանականությամբ, կլինի արդեն ոչ թե երկու, այլ՝ երեք ճամբարների դիմակայություն։
Այս ամենի հետ հանդերձ՝ մենք թերահավատորեն ենք մոտենում բոլոր տեսակի կանխատեսումներին, ու կարծում ենք, որ իրադարձությունները կարող են այլ կերպ զարգանալ։ Օրինակ, Դոդի Գագոյի գլխին կարող են սարքել մի քանի, միանգամայն հնարավոր է, ճշմարտացի քրգործեր, բանտ նստեցնել ու նրան երկրորդ Խոդորկովսկի դարձնել․ կերպարը կռոմանտիզացվի, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կդառնա քաղաքական կուսակցություն, այլ ոչ՝ գրասենյակ։