Անցյալ տարվա վերջին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնել էր համազգային շարժման շտաբերի բացումը, և այսօր արդեն պարզ է դարձել, որ շտաբային աշխատանքները խիստ անհրաժեշտ էին։ Այս մասին այսօր հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանն իր նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ։
«Այդ աշխատանքների շնորհիվ մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրություններին և պահանջներին․ մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է արդեն։
Վերջին շրջանում մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիում ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունը, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին։
Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում։ Մի բան հստակ է՝ դա կլինի անկառավարելի հզոր ալիք», ֊ հայտարարել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդի համոզմամբ՝ նման իրավիճակում քաղաքական ուժերի խնդիրն է տեր կանգնել քաղաքացիների արդարացի պահանջներին և հասնել դրանք իրականացմանը։ Նա հայտարարել է, որ առաջիկայում «խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հավաք՝ Երևանում»։ Ծառուկյանը հանրահավաքների անցկացման հստակ ժամկետներ չի նշել։
ԲՀԿ ղեկավարն ասել է, ոչ ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով «ստիպելու ենք գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և ներխմբակային շահերից և պլաններից»։
«Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված իշխանություն», ֊ ասել է Ծառուկյանը։
Անդրադառնալով նախորդ տարվա վերջին արձանագրված ֆինանսական շուկայի տատանումներին՝ Ծառուկյանն ընդգծել է, որ այդ ամենը ցույց տվեց, թե որքան թույլ և փխրուն է երկրի տնտեսական կայունությունը, քանի որ արագ տարածվեցին խուճապային տրամադրությունները ժողովրդի և գործարարների մեջ, իսկ դա խոսում է տնտեսական սխալների և լրջագույն խնդիրների մասին։
«Բայց սա զուտ ֆինանսատնտեսական խնդիր չէր, ակնհայտ էր ժողովրդի, գործարարների մոտ անվստահությունն իշխանության քայլերի հանդեպ։ Սա, ինչ֊որ իմաստով, վստահության ճգնաժամ էր։ Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէր, այնինչ անկայունությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ ամենակարևորն է հանգստացնել ժողովրդին և թույլ չտալ խուճապային կործանարար սցենարների հնարավորությունը», ֊ հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Այս կապակցությամբ Ծառուկյանը ուղերձ է հղել իշխանություններին՝ կոչ անելով մտածել այդ ուղղությամբ և ճիշտ հետևություններ անել, քանի որ առաջիկայում նմանատիպ ցնցումները բացառված չեն՝ աշխարհն ու մեր տարածաշրջանը խիստ անկայուն են, իսկ տնտեսական, սոցիալական ճգնաժամերը հեշտությամբ կարող են վերաճել իշխանության ճգնաժամի՝ դառնալով անկառավարելի և անկանխատեսելի։
Ծառուկյանի կարծիքով՝ երկրում հաստատված է սոցիալական և քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ։
«Սրա արդյունքում մեծանում է պետության հանդեպ քաղաքացիների անվստահությունը, նրանք դադարում են հայրենիքում իրենց հեռանկարները տեսնել։ Ընդհանրապես, երկրում ամրապնդվում է հոգեբանական ծանր մթնոլորտ։ Հայաստանում սոցիալական ու տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, իսկ դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ և ընդունել այն դրույթը, որն է՝ ոչ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ իշխանության ձևավորման հարցում։
Ես միշտ նշել եմ, որ ինձ համար Հայաստանում չկա թշնամիներ, վատ կամ լավ քաղաքական ուժեր։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն ներգրավվեն պետական շինարարության մեջ, և ընդդիմությունը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա այդ գործընթացում։ Դրա համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք։ Մինչդեռ այսօր Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս վիճակում են զգում», ֊ հայտարարել է Ծառուկյանը։