Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մասն ունի երկու կետ․ առաջինը փաստում էր, որ սահմանադրական բարեփոխումներ անելու համար ՀՀԿ-ին պետք է ԲՀԿ-ի օգնությունը, երրորդը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում հարկային ստուգումներ անցկացնելու հրահանգով փորձ է արվում վախեցնել ողջ Եռյակին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ըստ փորձագետի՝ Սերժ Սարգսյանն այլևս սպասելու ժամանակ չունի, քանի որ, եթե սահմանադրական բարեփոխումներ չիրականացվեն, 3 տարի անց նա ստիպված կհեռանա։
Արմեն Բադալյանի խոսքով՝ թեև ՀՀԿ-ն տիրապետում է ընտրակեղծիքների տեխնոլոգիային, սակայն չի կարող հանրաքվեի արդյունքները կեղծել առանց ԲՀԿ-ի աջակցության, քանի որ այժմ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և իշխանությունների ընտրակեղծիքների վրա ոչ ոք աչք չի փակի:
«Իհարկե, տեխնիկան նույնն է, սակայն քաղաքական առումով այլ բան է լինել ԵՏՄ-ի անդամ Հայաստան»,- ասել է փորձագետը:
Բադալյանը կարծում է, որ ԲՀԿ-ի կարիքը մեծացել է նաև այն պատճառով, որ իշխանությունները կորցրել են և Արևմուտքի, և Ռուսաստանի վստահությունն ու աջակցությունը, և վերջիններս կարող են գալիք ընտրություններում աջակցել Եռյակին:
«Արևմուտքի հիասթափությունը հայտնի է, իսկ Ռուսաստանին այլևս Սերժ Սարգսյանը պետք չէ, քանի որ նրանից ինչ ուզել, ստացել է՝ և ռազմակայանի պայմանագիրն է երկարացվել, և «Գազպրոմի» մնացյալ տոկոսներն է վերցրել և այլն: Այժմ վտանգ կա, որ ՀՀԿ-ի վարած վատ տնտեսական քաղաքականության հետևանքներից դժգոհությունը հնարավոր է՝ ուղղվի դեպի Ռուսաստան: Իսկ Ռուսաստանին ԱՊՀ տարածքում նոր թշնամական տրամադրություններ պետք չեն»,- ասել է Արմեն Բադալյանը: