հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկաններն իրենց օրենքից դուրս են պահում․ ինչ կլինի ընդդիմության հավաքի ժամանակ

Ոստիկաններն իրենց օրենքից դուրս են պահում․ ինչ կլինի ընդդիմության հավաքի ժամանակ

Փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բռնության ենթարկված զոհված զինվորների ծնողներին Ոստիկանությունում ասել են, որ այդ օրը ոստիկանները ճիշտ են գործել, «կարող էին նույնիսկ դուբինկեքով ծեծել»։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։ Կնոջ խոսքով՝ իրենք ցանկանում էին հանդիպել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, սակայն Հակոբյան ներկայացած ոստիկանության ներկայացուցչի նման պատասխանից հետո լքել են շենքը։

Անդրադառնալով փետրվարի 11-ին տեղի ունեցած միջադեպին՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասել է, որ ոչ մի օրենք չի կարող վկայակոչվել, որը կարդարացնի ոստիկանների՝ ակցիայի մասնակիցներին փողոցի մի ծայրից մյուս ծայրը քարշ տալով տեղափոխելը։

«Հանրապետության նախագահը մի քանի օր առաջ բարձր հայտարարություն հնչեցրեց բռնությունների դեմ պայքարի, անօրինականությունների վերացման, բոլոր տեսակի խախտումների դեմ պայքարի կամքի դրսևորման մասին։ Կարծում եմ՝ ավելի ակնհայտ ու տեղին դեպք, որի համար ասածը գործի վերածելու արդար ակնկալիք ունենք, վերջին շրջանում չի եղել»,֊ ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ հրահանգը կատարողները պետք է պատասխանատվության կանչվեն։

Քննարկմանը մասնակցող Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, սակայն, համոզմունք է հայտնել, որ քանի որ հրաման արձակողն ու պատժողը նույն մարդն է, ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվի։

«Կարծում եք՝ այդ ոստիկաններն ի ծնե վայրենի ե՞ն։ Ոչ։ Սա հրաման է»,֊ ասել է Իշխանյանը։

Անդրադառնալով վերջին տարիներին ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին՝ իրավապաշտպանը նշել է, որ իրավիճակը լարվել է հատկապես 2013 թվականից, իսկ գագաթնակետը եղավ Ռուսաստանի նախագահի այցի օրը, երբ հարյուրավոր մարդկանց բերման ենթարկեցին։

Իշխանյանն ասել է, որ նման գործելաոճի պատճառը, թերևս, քաղաքական կողմնորոշման արդյունքն է։

«Մարդու իրավունքների հարցերում Հայաստանն իրեն բավական զուսպ էր պահում, քանի որ շատ կարևոր էր Եվրոպայի կարծիքը։ Թերևս պատճառներից մեկը ԵՏՄ-ին անդամակցելն է, որի անդամ պետություններում բացարձակ էդ արժեքները չեն գործում», ֊ ասել է իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ ևս մեկ պատճառ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է․ «Երբ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը սուր կետերում է, հաշվի չեն առնում օրենքը և գնում բռնությունների»։

Իշխանյանի խոսքով՝ թե Հայաստանի օրենքով, թե միջազգային օրենսդրությամբ ամրագրված է, որ եթե հավաքը խաղաղ է, նունիսկ արգելված լինելու դեպքում, ուժային մարմինները միջամտելու իրավունք չունեն, այլ պետք է հանդես գան որպես խաղաղ հավաքները պաշտպանող։

Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել գալիք օրերին ընդդիմության հանրահավաքի հետ կապված՝ նշելով, որ եթե սովորական քաղաքացիական ակցիաների ժամանակ, որոնք իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում, ոստիկաններն իրենց օրենքից դուրս են պահում, ապա ընդդիմության հանրահավաքի ժամանակ կարող են լուրջ հետևանքներ լինել, ընդհուպ մինչև քաղբանտարկյալների առկայություն։