հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Կինը պնդում է՝ ոստիկանները ծեծել են, բայց գործ են հարուցել իր ամուսնու նկատմամբ

Կինը պնդում է՝ ոստիկանները ծեծել են, բայց գործ են հարուցել իր ամուսնու նկատմամբ

2014 թվականի դեկտեմբերի 31-ին Նորք Մարաշ թաղամասում ավտովթարից հետո Քրիստինե Մանգասարյանը և նույն մեքենայի երեք այլ ուղևորները բերման են ենթարվկել ոստիկանություն, և նրանցից երկուսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Epress.am-ին պատմել է ինքը՝ Մանգասարյանը: Նրա խոսքով՝ ոստիկանները իրենց ծեծել են դեպքի վայրում, ինչպես նաև ոստիկանական մեքենայի մեջ և ոստիկանության բաժնում:  

Ըստ Մանգասարյանի՝ ոստիկանների հետ ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ հարվածելով դիմացի մեքենային՝ իր ամուսինը՝ Կամո Հայրապետյանը, սկսել է զայրույթից հայհոյել: Մոտեցել են ոստիկանները, պահանջել են դադարեցնել հայհոյանքները։ Ինքը՝ Մանգասարյանը, միջամտել է ամուսնու և ոստիկանների վեճին՝ փորձելով հանգստացնել կողմերին: Ոստիկաններից մեկը հրել է նրան, ինչն էլ քաշքշուկի, ապա ծեծի սկիզբ է դարձել:

«Ոստիկանները 4 հոգի էին, հետո զանգեցին՝ շատացան: Ամուսնուս, նրա ընկերոջը ծեծի ենթարկեցին, դուբինկով խփում էին ամուսնուս, մազերիցս քաշեցին, կանդալները քցեցին, դրեցին մեքենայի մեջ: Մեքենայի միջից ես տեսա, որ ամուսնուս քցել են գետնին, ասեցի՝ ազատեք ձեռքերս, այդ պահին ինձ ահավոր խփեցին: Ոտքով խփում էին նաև ամուսնուս ընկերոջ գլխին: Մեզ տարան բաժին: Ընկերուհուս, որ ևս մեր մեքենայի մեջ էր, ուշքը գնացել էր, նրան կես ժամ հետո են բերել բաժին»,- ասել է Մանգասարյանը: 

Կնոջ խոսքով՝ ոստիկանության բաժնում բռնությունը շարունակվել է: Բոլոր 4 բերման ենթարկվածները պահվել են մի սենյակում: 

«Ճաղերի հետևից ոստիկանները թքում էին տղաների վրա: Խփել են իմ դեմքին, ոտքին, ամուսնուս՝ գլխին ու թևին: Դեպքից 4 օր հետո են տարել դատաբժշկական փորձաքննության, երևի, որ կապտուկները արդեն անցած լինեն»,- ասել է Մանգասարյանը:  

Մեկ օր անց՝ հունվարի 1-ին, Մանգասարյանին և նրա ընկերուհուն ազատ են արձակել, իսկ Մանգասարյանի ամուսնուն և վերջինիս ընկերոջը՝ ձերբակալել են: Դատաբժշկական եզրակացությունները վկայել են, որ կանայք միջին և ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։

Ձերբակալվածների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան: Մանգասարյանն ասել է նաև, որ իր ամուսնուն և վերջինիս ընկերոջը հանրային պաշտպան չեն տրամադրել: 

Ինչպես Epress.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ երկու ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): 

Տռուզյանի խոսքով՝ ձերբակալվածներից մեկը հանրային պաշտպան պահանջել է հունվարի վերջին, մյուսը՝ փետրվարի սկզբին: 

«Հանրային պաշտպան տրամադրելու համար դիմում է ուղարկվել Փաստաբանների պալատ: Մենք պատասխանը ստացել ենք երեկ»,- ասել է Տռուզյանը: Նշենք, որ, համաձայն օրենքի, հանրային պաշտպան պետք է տրամադրվի անմիջապես կասկածյալի պահանջելու պահին։ 

Սոնա Տռուզյանը ոչ մի կասկածելի բան չի տեսնում նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքների ուշացման մեջ: Ըստ նրա՝ դա փորձագետների զբաղվածությունից է կախված: