Փետրվարի 10-ին ԼՂՀ֊ում մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի (լուսանկարում) մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Տիգրան Սիմոնյանի հարազատներն ավելի վաղ ասել էին, որ խելամիտ չեն համարում իրենց այցելած զինկոմիսարիատի աշխատակցի՝ դեպքի մասին հայտնած տեղեկությունները։
Ըստ այդ տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Տղաները վազել են հակառակ ուղղություններով և մի կետում դուրս եկել միմյանց դիմաց, որի ժամանակ ծառայակիցն արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում: Սակայն հարազատներն այս իրավիճակը խելամիտ չեն համարում, քանի որ կարծում են, որ տղաները չէին կրակի միմյանց ուղղությամբ՝ արդեն իսկ իմանալով, որ այդ տարածքում հնարավոր էր հակառակ ուղղությամբ վազելու դեպքում դուրս գալ դեմ դիմաց:
«Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց իմ Տիգրանը ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել», – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին ասել էր Տիգրանի մայրը՝ Արմանուշ Սիմոնյանը: