հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Փերինչեքի ու «Իրավունք»-ի վիրավորելու խրամատը` խոսքի ազատություն

Փերինչեքի ու «Իրավունք»-ի վիրավորելու խրամատը` խոսքի ազատություն

Թուրքն ու հայը հայերին կարող են հանգիստ վիրավորել, քանի դեռ դատարաններն այդ արարքը խոսքի ազատություն են համարում:

Մի դեպքում` թուրք ազգայնական Դողու Փերինչեքը ցեղասպանությունը միջազգային սուտ է որակում, ու այդ «սուտ»-ը հաստատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ստորին պալատում, մյուս դեպքում` «Իրավունք» թերթը կոչ է անում 60 հայերի աշխատանքի չընդունել, չբարևել ու «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, քանի որ, ըստ թերթի, նրանք «համասեռամոլների շահերի լոբբիստներ» են: Երևանում ընդհանուր իրավասության դատարանը համաձայնում է թերթի հետ` վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը. այն է` յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, ինչ հիմքով արդարացվել էր նաև թուրք գործիչը:

ՄԻԵԴ-ի Վերին պալատում Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումների ժամանակ Հայաստանը ներկայացնող Ջեֆրի Ռոբերտսոնն, իր ճառում անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, նշեց, որ այն պաշտպանում է առանց խտրականությունների ապրելու իրավունքը, որպեսզի մարդիկ առանց վախենալու կարողանան ասել «ես հայ եմ», «ես հրեա եմ» կամ «ես մահմեդական եմ», ու այդ պատճառով է, որ նույն հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքը այն դեպքերում, երբ այն կարող է, կամ մտադիր է պատճառել որոշակի վնաս:

Հայաստանը ներկայացնող մյուս փաստաբանն` Ամալ Քլունին, ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Հայաստանը ամենևին նպատակ չունի առարկելու խոսքի ազատության դեմ, իսկ Թուրքիան ամենևին դրա պաշտպանը չէ:

Թուրքիան` «Իրավունք»-ով, Հայաստանը` թերթին դատի տված 16 հայցվորներով փոխարինելու դեպքում, Քլունիի այս փաստարկումը լիովին հիմնավոր կլիներ, եթե հնչեր «Իրավունք»-ի դեմ դատավարությանը: «Իրավունք» թերթը թիրախավորում ու նսեմացնում է հենց այնպիսիններին, որոնք օգտվելով 10-րդ հոդվածից` «ես հայ եմ», «ես հրեա եմ» ու «ես մահմեդական եմ» ասողներն են:

Փերինչեքի և «Իրավունք»-ի նմանությունները հաշվի առնելով`«Բոլորս Իրավունք ենք» ակցիան, որը թերթն իրականացնում է՝ ի պաշտանություն խոսքի ազատության, կարելի է դիտարկել որպես «Բոլորս Փերինչեք ենք»:

Եթե «Իրավունք»-ի գործը հասնի Եվրոպական դատարան, Հայաստանը, որն այժմ փորձում է Վերին պալատում համոզել, որ Փերինչեքի արարքը խոսքի ազատության հետ որևէ առնչություն չունի, նույն եռանդով այնտեղ շարունակելո՞ւ է պնդել «Իրավունք»-ի ազատ խոսքի իրավունքը:

Թուրքական «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 2007թ. Շվեյցարիայում դատարանը մեղավոր էր ճանաչել ռասսայական խտրականության մեջ: Փերինչեքը վճիռը բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որի Ստորին պալատն արդարացրել էր նրան: Սակայն Շվեյցարիան այդ վճիռը բողոքարկել է ՄԻԵԴ-ի Վերին պալատում, որտեղ գործը դեռ քննվում է: Հայաստանը ներկայացված է որպես երրորդ կողմ:

«Իրավունք» թերթը 2014թ. հոդված էր հրապարակել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որում ներկայացված էր 60 անձանց անուններից բաղկացած սև ցուցակ` կոչ անելով այդ մարդկանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն ցուցաբերել», աշխատանքի չընդունել, հեռացնել պետական ծառայությունից ու տեսնելիս չբարևել: «Իրավունք»-ն այդ մարդկանց էր անդրադարձել, քանի որ «Ազատություն» ռ/կ «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նրանք քննադատել էին երգչուհիներ և 2014թ. Եվրատեսիլ մրցույթի Հայաստանի ազգային ժյուրիի անդամ Ինգա և Անուշ Արշակյաններին Ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրստի նկատմամբ իրենց «զզվանք»-ն արտահայտելու համար: Այդ 60 անձանցից 16-ը միասնական հայցով իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար դատարան էին դիմել, սակայն դատարանը հայցը չէր բավարարել: Քաղաքացիները վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Դողու Փերինչեք