Գլխավոր / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը շնորհավորել է ատելություն և խտրականություն քարոզող ԶԼՄ֊ի ղեկավարներին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ատելություն և խտրականություն քարոզող ԶԼՄ֊ի ղեկավարներին

Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Սարգսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ տնօրեն Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին և լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Նշենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք»-ի կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որում թերթը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից: Բացի դա, հոդվածում քաղաքացիներին անվանում են «ազգի և պետության թշնամի» ու «զոմբի»։

Հոդվածում  ներկայացված 60 քաղաքացիներից 16֊ը դատական հայցով դիմել են դատարանբ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, ինչպես նաև պահանջում են 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար։

Հոկտեմբերի 20-ին կայացած վերջին դատական նիստին թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ շարունակելով վիրավորել այն անձանց, ում դեմ գրվել էր հոդվածը։ Գալաջյանն ու Բաղդասարյանը, մասնավորապես, օգտագործել են «Համասեռամոլների լոբբինգ» և «գալուբոիզմ» արտահայտությունները և միջնորդել են մերժել հայցը։

Դատարանը վճիռը հրապարակելու է հոկտեմբերի 30-ին։

Tekali Taxi