հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Խախտել են Սահմանադրությունը․ Տեր֊Պետրոսյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի մասին

Խախտել են Սահմանադրությունը․ Տեր֊Պետրոսյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի մասին

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում և «Չորրորդ Իշխանություն» թերթում բացառիկ լույս ընծայման համար հոդված է հեղինակել, որը վերաբերում է հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին»։

Հոդվածում Տեր֊Պետրոսյանը հիշեցնում է, որ Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ», արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը» (նույն միտքը կրկնվում է նաև հռչակագրի 6-րդ կետում):

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որևէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել», ֊ նշում է ՀՀ առաջին նախագահը:

Նա ընդգծում է, որ Հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր և լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաև` Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:

Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները»:

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որևէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոցելի են պետության անունից արվող հայտարարությունների համար:

Մի այլ նկատառումով անհարկի պետք է համարել նաև հռչակագրում ընդգրկված այն դրույթը (8-րդ կետ), որով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից զորակցություն է արտահայտվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Թուրքիայի այդ քաղաքացիները, քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ, իրոք մեծ համարձակություն են դրսևորում` Հայոց ցեղասպանության փաստն ընդունելով, բայց հայկական կողմի զորակցությունն, իմ կարծիքով, ոչ թե կօգնի, այլ հակառակը, կվնասի նրանց` երկրի իշխանություններին ու հետադիմական ուժերին պատրվակ տրամադրելով նրանց ներկայացնելու որպես օտար շահերի ծառայող տարրեր», ֊ նշում է Լևոն Տեր֊Պետրոսյանը:

Նա անլուրջ է համարում Հռչակագրի այն դրույթը, որում Թուրքիայի հանրապետությանը կոչ է անում «ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»:

Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Զարմանալ կարելի է, թե այս անհեթեթությունն ինչպես է տեղ գտել մի այնպիսի կարևոր փաստաթղթում, որպիսին իրականում պետք է լիներ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»: Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր` հայերիս, այլ իրենց` թուրքերի գործն է», ֊ ընդգծում է ՀՀ առաջին նախագահը:

Տեր֊Պետրոսյանը գնահատելի է համարում, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են հայկական հրապարակախոսության մեջ չափազանց տարածված «պատմական իրավունք» եզրույթի գործածությունից, քանի որ նախ՝ դրանից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, և երկրորդ, որ ավելի կարևոր է, այդպիսի հասկացություն գոյություն չունի նաև միջազգային իրավունքի մեջ:

«Դրա հետ մեկտեղ, սակայն, զարմանալիորեն «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն» նույնքան առաձգական և ավելի վերացական հասկացությամբ, որը վերջինիս բնագրում օգտագործված է երկու անգամ: Թե ինչ նկատի ունեն հեղինակները այդ հասկացության տակ, լիովին պարզվում է հռչակագրի հետևյալ խտացված ձեւակերպումների միջոցով. «1920թ. օգոստոսի 10-ի` Սևրի հաշտության պայմանագրի և 1920թ. նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում» և «անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած, հռչակագրում ընդգրկված է Հայ Դատի ներկայիս հասկացողության ողջ ռեպերտուարը`Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 1915 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական և բարոյական վնասների հատուցում, անհատական և համայնքային (եկեղեցական) սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում և վերջապես` Հայաստանի տարածքի ընդարձակում Սևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով:

Մի կողմ դրած այն հարցը, թե անհատական և համայնքային իրավունքների վերականգնումից բացի, որքանով է իրականանալի այս «բաղձալի» ծրագիրը, ցանկանում եմ արձանագրել միայն հետևյալը: Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը», ֊ ընդգծում է հոդվածի հեղինակը:

Հռչակագիրը որակելով որպես քաղաքական առումով «եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ»՝ Տեր֊Պետրոսյանն ընդգծում է, որ եթե Ցեղասպանության խնդիրը դիտվեր բացառապես մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործության և հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության համատեքստում, ապա հռչակագիրը կարող էր ոչ միայն համաշխարհային լայն արձագանքի արժանանալ, այլև դրական քաղաքական հետևանքներ ունենալ թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար:

«Եվ վերջապես, բացի այս ամենից, հարկ է արձանագրել, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը» ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները՝ կոպտորեն խախտելով «Հայաստանի անկախության մասին հռչակագիրն» ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որոնք, բացի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու դրույթից, Հայ դատի կամ պահանջատիրության որևէ այլ տարր չեն պարունակում», ֊ եզրափակում է Տեր֊Պետրոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում