Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գյումրիում հունվարին գնդակահարված Ավետիսյանների ընտանիքի որոշ անդամներ արթնացել և դիմադրություն են ցույց տվել հանցագործին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ առաջին սենյակում սպանված Աիդա Ավետիսյանը եղել է անկողնու մեջ։ Երկրորդ սենյակում, սակայն, Հասմիկ Ավետիսյանը հայտնաբերվել է՝ ոտքերը անկողնուց իջացրած դիրքում, ինչը վկայում է այն մասին, որ նա, հավանաբար, արթուն է եղել։ Նրա ամուսին Սերյոժա Ավետիսյանը, հավանաբար, դիմադրություն է ցույց տվել հարձակվողին։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Սերյոժա Ավետիսյանի մարմնի վրա հայտնաբերվել են քերծվաքներ, որոնք կարող էին հասցված լինել դանակով։
ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ նրա արյունն է հայտնաբերվել զենքի փողի և խզակոթի վրա։ Հավանաբար, Սերյոժա Ավետիսյանը բռնել է զենքի փողը ձեռքով, իսկ հետագայում հանցագործը խզակոթով հարվածել է նրան։
Այնուհետև հանցագործն անցել է երրորդ սենյակ։ Արմեն Ավետիսյանը հայտնաբերվել է գետնին՝ սպանված վիճակում։ Հավանաբար, նա բարձրացել էր անկողնուց։ Նույն սենյակում ինքնապաշտպանվել է նրա կինը՝ Արաքսյա Պողոսյանը։ Նա գիրկն էր առել որդուն՝ Սերյոժա Ավետիսյանին, և մարմնով փորձել պաշտպանել, քանի որ նրա ձեռքին կան սվին դանակով հասցված հարվածներ, որոնք առկա են նաև երեխայի մարմնին։
Լուսինե Սահակյանը նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմինների և ռուսական կողմի հարուցած քրեական գործերը, ի վերջո, պետք է միավորվեն մեկ վարույթում։
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ պահանջը մինչ օրս չի կատարվել, համաձայն պաշտոնական տեղեկատվության, Պերմյակովն այսօր էլ գտնվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում։