հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պերմյակովի ցուցմունքները պետք է համադրել դեպքի վայրի զննության արձանագրության հետ․ փաստաբան

Պերմյակովի ցուցմունքները պետք է համադրել դեպքի վայրի զննության արձանագրության հետ․ փաստաբան

Այսօր Գյումրիի «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնը» կազմակերպել էր հանրային քննարկում, որին պետք է մասնակցեին Ավեստիսյանների ընտանիքի սպանության քրեական գործով տուժողի ներկայացուցչիներ, իրավապաշտպաններ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ և ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանատու անձիք: Հանդիպումից րոպեներ առաջ, սակայն, Դատախազությունից տեղեկացրել են, որ չեն կարող ներկայացուցիչ ուղարկել:

Քննարկմանը մասնակցած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասել է, որ մինչ այժմ ստացված փորձաքննությունների եզրակացությունները տանում են կասկածյալ Վալերի Պերմյակովի մեղավորությանը, սակայն հարցերի հարցն է՝ ինչն է եղել այդ դաժան սպանության շարժառիթը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նշել է, որ այդ հարցի պատասխանը եղած փաստական հանգամանքներով հնարավոր չէ տալ: Ըստ իրավապաշտպանի՝ մյուս անհասկանալի խնդիրն այն է, թե ինչպես այդքան արձակված կրակոցները մոտակայքում ոչ ոք չի լսել, անգամ վկան, ով գտնվել է դեպքի վայրից 5 մետր հեռավորության վրա:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասել է, որ իրենց կողմը չգիտի՝ ինչ նամակագրություն է տեղի ունենում ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև, հետևաբար՝ չեն կարող մեկնաբանություններ անել:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ Հայաստանի համար նվաստացուցիչ է, երբ ռուս պաշտոնյաներն են հայտարարում, թե հայկանան կողմը երբ պետք է նախաքննությունն ավարտի:

«Էն, որ մենք ստեղ հավաքվել ենք, քննարկում ենք, ինչ-որ լեբեդևներ են գալիս, հայտարարություններ են անում, դա այն պատճառով է, որ ոստիկանությունը չի ձերբակալել Պերմյակովին: Մենք ոչ մեկից ոչ մի բան ոչ պահանջելու, ոչ խնդրելու խնդիր չէինք ունենա, եթե Ոստիկանությունը գործեր»,- ասել է փաստաբան Վարոսյանը:

Նրա խոսքով՝ Պերմյակովի և՛ հայ քննիչներին, և՛ ռուսաստանցի քննիչներին տրված ցուցմունքները պետք է համադրել դեպքի վայրի զննության արձանագրության հետ։ Դա ցույց կտա՝ արդյոք նա իսկապես եղել է դեպքի վայրում, թե ինչ-որ մեկի պատմածով է ցուցմունք տալիս, եզրափակել է Վարոսյանը։