ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու տարածքն ու հարակից հողամասը 102-րդ ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին: ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ռազմաբազան պատրաստվում է այդ տարածքում կառուցել հոգևոր մշակութային կենտրոն:
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այժմ ռուսական կողմը կիսաքանդ եկեղեցում միայն հատուկ եկեղեցական ծիսական օրերին իրականացնում է հոգևոր ծառայություն, սակայն շինությունը պատշաճ կերպով օգտագործելու համար կարիք կա հիմնավոր վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
«102-րդ ռազմակայանը, իր կողմից արդեն վերակառուցել է Գյումրու Մեծ Բերդում և Փառքի բլուրում գտնվող ռուսական երկու եկեղեցին: Համապատասխան հողատարածքների տրամադրման դեպքում ռուսական կողմին հնարավորություն կընձեռվի վերանորոգել ևս մեկ ռուսական եկեղեցու հին և կիսաքանդ շինություն, ինչպես նաև կառուցել հոգևոր մշակութային կենտրոն, ուր կարող են հետագայում այցելել նաև ՀՀ քաղաքացիները»,- ասված է հիմնավորման մեջ:
Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այս կապակցությամբ «Ազատության» հետ զրույցում ասել է․ «Այդ եկեղեցին էլ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Հետո ի՞նչ, որ ռուսական է: Թող գան, նորոգեն, աշխատեցնեն, իրենց հավատացյալները գնան-գան․ դրա մասին չէ խոսքը: Այդ կողքի հողերն ինչո՞ւ եք հանձնում: Հետո ի՞նչ եք հանձնելու: Հազար անգամ ասացինք՝ այս մարդիկ ինքնիշխանություն բառը չեն հասկանում: Իրեն հանգող իշխանությունը ո՞նց կարող է հողերը հանձնել օտար պետության: Կամ հանձնել այնպես, որ ինքը չկարողանա մտնել այնտեղ, կալանավորին վերցնել, տանել իր բանտը»: