«Ինչո՞ւ չեք ձերբակալել, ինչո՞ւ հիմա չեք գնում ռուսական ռազմաբազա, ձերբակալում Վալերի Պերմյակովին և հանձնում նրան Հայաստանի իրավապահ մարմիններին», – այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին այս հարցն է ուղղել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Կոստանյանն ասել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի առնչությամբ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել և՛ հայ, և՛ ռուս իրավապահների համար․ այժմ նրանք խնդրի լուծման ուղիներ են փնտրում, որպեսզի լուծումը համապատասխանի միջազգային իրավունքին:
«Այս պահի դրությամբ ավելի բան չեմ կարող ասել՝ քննության հետ կապված: Տեսության մեջ անգամ նկարագրված չէ նման իրավիճակ։ Կոպիտ ասած, ունենաս մի հիվանդ, որի հիվանդությունը անգամ գրքերում նկարագրված չէ: Դրա համար մենք քննարկում ենք, որ լուծում գտնենք», – ասել է Կոստանյանը:
Փոստանջյանը հակադարձել է, թե Վալերի Պերմյակովի ձերբակալությունը ռուս իրավապահների կողմից օրինական չի եղել և անօրինականության հետևանքները պարտավոր էր վերացնել ինքը՝ գլխավոր դատախազը՝ պատասխանատվության կանչելով ԱԱԾ֊ին, ոստիկանության աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովին առևանգելու դեպքի առթիվ։
Դատախազությունը քրեական գործ չէր հարուցել, և այժմ Փոստանջյանը Կոստանյանի անգործությունը վիճարկում է դատարանում: Առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում Փոստանջյանի բողոքը մերժվել է։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։ Ռուսաստանցի զինծառայողը, սակայն, մինչ օրս գտնվում է ռազմաբազայում, չնայած Հայաստանում մի շարք փորձագետներ նշել են, որ ռուսաստանցի զինծառայողին հայկական կողմին չհանձնելը հայ֊ռուսական միջազգային պայմանագրի խախտում է։