«Քրիստոսի տանջանքով սպանեց ու կթողնինք Ռուսաստանը վրեքս խնդա»․ Ջուլիետա Ղուկասյանի դուստր․ Aravot.am
Մարտի 19-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը։
Փաստաբան Արայիկ Զալյանը դատարանին ներկայացրեց այն հիմնավորումները, համաձայն որոնց, ծանր հանցագործության մեջ կասկածվող կալանավորված ռուս զինծառայողը պիտի պահվի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, ոչ թե ռուսական ռազմաբազայում։ Ըստ Արայիկ Զալյանի՝ ռազմաբազան անհասանելի է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար, որը չի կարողացել այցելել այնտեղ։
«Պատիժը պետք է լինի իրական, իսկ այս պայմաններում գտնվելով՝ պատիժը իրական չէ», – ասաց Զալյանը։ Դատախազ Միհրան Մարտիրոսյանը, սակայն, նշեց, որ Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի տարածքում՝ հայկական ու ռուսական կողմերի համատեղ գործողությունների արդյունքում։
«Այսինքն ռազմաբազայի տարածքից դուրս բերելն արդեն իսկ հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը», -ասաց դատախազը։ Ըստ նրա՝ չի եղել նման դեպք, որ ՀՀ քննչական մարմիններն ուզեն մուտք գործել ռազմաբազայի տարածք ու որևէ խոչընդոտ լինի։ Զալյանն, սակայն, նշեց, որ 102-րդ ռազմաբազայի տարածքը ևս հայկական տարածք է ու նկատեց, որ անհասկանալի է մնում, թե Ռուսաստանի Դաշնության ո՞ր օրենսդրությանն է հակասում ենթադրյալ հանցագործին ռազմաբազայի տարածքից դուրս բերելը։ Դատախազն ասաց, որ իր ձեռքի տակ չկա այն, սակայն, որպեսզի համոզվածություն լինի, կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն՝ տեղեկանալու, թե օրենսդրության որ նորմի խախտման մասին է խոսքը։ Ձայն խնդրեց Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը․ «Ռուսական ռազմաբազայում չի եղել սպանությունը, ինչի՞ պիտի պահվի ռազմաբազայի տարածքում, ի՞նչ իմանամ՝ արդյոք բռնված է։ Կուզենամ ստեղ լինի դատը, իմանամ սպանության պատճառն ինչ է, ո՞վ է կանգնած։ Սա դատախազության անունն է, դատարանինն էլ, որ Ռուսաստանը մեր վրա չխնդա, որ մենք հային կարող ենք դատենք, բայց Հայաստանը մի ռուսի չի կարող դատել, Քրիստոսի տանջանքով է սպանել, իմ խնդրանքս դա է, ուրիշ հեչ բան»։