Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով մեղադրյալ ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևը դեպքից հետո, երբ նրան կալանավորել են, հրաժարվել է թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննության մասնակցել և «նմուշ տրամադրել»։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի փաստաբանները պաշտպանում են տուժողի իրավահաջորդի շահերը։
Epress.am-ի հետ զրույցում գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ըստ օրենքի՝ անձի համաձայնությամբ միայն կարող են հետազոտության համար փորձանմուշ վերցնել։ Այս տարվանից արդեն այդ օրենքը փոփոխության է ենթարկվում, և որոշակի սահմանափակումներ կգործեն։
Դեռևս 2019 թվականի հունվարի 25-ին կազմակերպության փաստաբանները վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար: Վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, նրա պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են:
Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, Վ. Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:
Նշենք նաև, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ ռուս զինծառայողին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը Գյումրու Սլաբոդկա թաղամասում հարձակվել էր փողոց մաքրող կնոջ վրա և ծեծելով սպանել նրան։