Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ կասկակծվող ռուս զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից։ Նա պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի: Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:
«Հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության (ինչպես դա արվեց Վալերիյ Պերմյակովի դեպքում):
Սակայն, թե՛ 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե՛ դրան հաջորդող այլ համաձայնագրերը հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է:
Այսինքն` հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:
102-րդ ռազմակայանում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ համաձայնագրերով, ինչպես նշվեց, հստակ ամրագրված է, որ տվյալ գործը պետք է գտնվի հայաստանյան իրավապահների իրավասության տակ:
Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անմեղ կնոջը կյանքից զրկած անձը չի հանձնվում հայաստանյան իրավապահներին: Որպես իրավական հետևանք՝ նա խույս է տալիս Հայաստանում քրեական օրենսդրությամբ սահմանված հետապնդումից:
Այսինքն` Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան Հայաստանի իրավապահ մարմիններից և Հայաստանում հնարավոր պատասխանատվություն կրելուց պաշտպանում է հանցագործության մեջ կասկածվող անձին», -նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ ծեծից մահացած կինը քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվորներից էր։ Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մամուլի ծառայությունը սկզբնապես հերքել էր այդ տեղեկությունը․ «Ռուսաստանյան ԶՈՒ զինվորականը դրա հետ որևէ առնչություն չունի»։ Հարցին՝ ինչո՞ւ է նա համոզված, որ նման բան տեղի չի ունեցել, զրուցակիցն, ով արդեն սկսեց բարձր տոնայնությամբ խոսել, նկատեց, որ նշված տեղեկությունը ԶԼՄ-ների անբարեխիղճ աշխատանքի հետևանք է, որը միտում ունի «սեպ խրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։