Մատենադարանի տնօրենը ծախսել է ուրիշի փողերը․ ասուլիս
«ԵՄ մերձեցումը հայաստանցի գիտաշխատողների շահագործմա՞ն, թե՞ պաշտպանության հիմք» (Երևանի Մատենադարանի փորձը)» ասուլիսը տեղի ունեցավ Գյումրիում՝ օգոստոսի 17-ին «Ասպարեզ» ակումբում։
Լրագրողների հետ էին հանդիպել Գայանե Այվազյանը՝ պ.գ.թ., փ.գ.դ. թեկնածու, ԵՄ Հորիզոն 2020 «Գիտելիքի փոխանակումը եւ հումանիտար ակադեմիական մշակույթները. Եվրոպա եւ Սեւծովյան տարածաշրջան, 18-րդ դարի վերջ-21-րդ դար» ( (“KEAC-BSR-Proposal No. 734645) նախագծի ազգային համակարգող, և Անուշ Սարգսյանը՝ Մատենադարանի գիտաշխատող, Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահ, նախագծի ազգային մասնակից։
«2016 թվականից Հայաստանի իշխանության երեք թևերը՝ ԱԺ, Կառավարություն և ՍԴ, դե յուրե միացել են «Հորիզոնին», որ ԵՄ ֆինանսավորման հիմնական ծրագիրն է գիտության և նորարարության ոլորտում՝ հավաստելով վերջինիս կիրառելիությունն ու համապատասխանությունը Հայաստանի օրենսդրական, իրավական և կառավարման պրակտիկաներին։ Ծրագրին Մատենադարանի գիտաշխատողների մասնակցությունը, սակայն, բացահայտեց ինչպես տեղական միջավայրում միջազգային պարտավորությունների դե ֆակտո կատարման և մեկնաբանման դրսևորումները, այնպես էլ միջազգային նախագծերում հայաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը։ Մատենադարանը, ստանալով Հորիզոն 2020 դրամաշնորհային միջոցները, չի կատարել իր մանդատը և որոշել է չփոխհատուցել աշխատակիցներին՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ից դրամական միջոցների Հայաստան փոխանցման ժամկետները բաց են թողնված և, ըստ այդմ, դրամաշնորհի գումարները տնօրենության բացարձակ հայեցողության տակ են։
Այս դեպքին գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների գնահատականների կոնտեքստում հետաքրքրական է, որ օրերս գիտության կառավարիչները, այդ թվում՝ Մատենադարանի տնօրենը, շտապում են միանալ դեպի Եվրոպա քաղաքական շրջադարձի պետական պրոպագանդային՝ հայտարարելով ոչ միայն հայկական ծիրանի, այլև գիտության արտահանման մեծ հնարավորությունների մասին։ Բանախոսները կանդրադառնան այս և նմանատիպ համագործակցություններում հայաստանցի մասնագետների դերին և նրանց աշխատանքային իրավունքների, ակադեմիական ազատությունների և ինքնավարության մակարդակին՝ սեփական փորձով ցույց տալով պետական ապարատի առաջ անպաշտպան և խոցելի մնալու վտանգները։ Քննարկումը կանդրադառնա տարիներ շարունակ Մատենադարանի աշխատողների կողմից բարձրացված հարցերին՝ մասնավորապես Մատենադարանի կառավարման մարմինների ոչ մասնակցային ընտրությունների կարգին, կանոնադրությանը, աշխատողների իրավունքների խախտումներին՝ որպես հնարավոր խարդախություններին նպաստող իրողությունների։ Անդրադարձ կարվի գիտության նոր չափորոշիչների ազդեցությանը ազգային լեզվով հումանիտար ոլորտի վրա, վերջինիս դիրքին և առնչությանը ժամանակակից շուկա-ազգային պետություն-միջազգային կառույցների քաղաքական օրակարգերին», — ասված է քննարկման-ասուլիսի մասին ազդարարող համառոտ նկարագրությունում։