Փլատակների սեփականատերը դարձավ ռեկետյոր, երբ ռելոկանտների բարը դարձավ շահութաբեր
13։20 բարը 2023 թվականից գործում էր Բյուզանդ փողոցի կիսալքված բակերից մեկում։ Երեք տարվա ընթացքում «փոքրիկ ռուին-բարը» վերածվել էր շահութաբեր բիզնեսի՝ տարեկան 100 միլիոն դրամից ավելի եկամտով։ 2026-ի հունիսի 16-ին այն անակնկալ փակվեց։ Սեփականատերերը՝ ռուսաստանցի միգրանտներ, պնդում են, որ բիզնեսը ռեկետի է ենթարկվել տարածքի վարձատու, նախկին քննիչ Արծրուն Շախյանի կողմից, որը թղթաբանական ձեռնածությունների և սպառնալիքների միջոցով իրենցից խլել է արդեն կայացած նախագիծը։ Թե ինչպես է դա հնարավոր դարձել՝ Epress.am-ին պատմել են բարի համահիմնադիրներ Վիտալի Կոռնեևն ու Ելիզավետա Ժիցկայան։
— Չորս տարի առաջ ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան։ Այստեղ տարբեր տեսակի թորած խմիչքներ կան, որոնք շատ լավ որակ ունեն։ Նկատեցի, որ դրանք ոչ մի տեղ ներկայացված չեն և չունեն ընդհանուր բրենդ։ Հայկական կոնյակը բոլորը գիտեն՝ մեծ հպարտություն է, գինին նույնպես։ Իսկ թորած խմիչքներին ռեստորաններում ասում են «տնական օղի», թեպետ դա այդպես չէ։ Ինձ դա անարդար թվաց. շատ լավ արտադրանք է, և պետք է մի բան անել։ Նույնիսկ Մատենադարան եմ գնացել․ փորձում էի գտնել թորած խմիչքների՝ հնում հիշատակված անվանումները։ Մի խոսքով, ծնվեց միտք այստեղ բացել բար-թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի տարբեր մարզերում ավանդապես արտադրվող դիստիլյատները։ Կիսվեցի այս գաղափարով ընկերներիս հետ, նրանք հավանեցին և դարձան իմ բիզնես-պարտնյորները։
Մոտ երկու շաբաթ տարածք էինք փնտրում։ Գտանք list.am-ով։ Կիսալքված հին բակ էր։ Արանքներում ինչ-որ մարդիկ էին ապրում, պարզ չէր՝ ոնց։ Ջրամատակարարում չկար, տարածքում ընդամենը մի պուլպուլակ էր դրած և հանրային զուգարան՝ առանց ջրի։
Ես շատ հավանեցի։ Սեփականատիրոջ հետ պայմանավորվեցինք, որ կվարձենք տեղի կիսաքանդ շինություններից մեկը՝ ամսական 80 հազար դրամով։ Դա ադեկվատ գին էր, որովհետև տարածքում իսկականից ոչ մի բան չկար։ Մենք ենք սարքել սաղ, ռեմոնտ ենք արել և այլն։ Արծրունը՝ տարածքի տերը, միանգամից զգուշացրեց, որ տարածքը կարող է քանդվել ցանկացած պահի։ Դե լավ, ոչինչ։ Որոշեցի փորձել։ Թեկուզ մի քանի ամիս աշխատենք, գոնե կհասկանամ՝ իմն է սա, թե ոչ, արդյոք դուր է գալիս մարդկանց։
Արծրունը չէր ուզում պայմանագիր կնքել։ Նա մի թղթի կտորի վրա գրեց, որ ես՝ այսինչ այսինչս, տարածքը վարձով եմ տալիս Վիտալի Կոռնեևին։ Հետո ասաց, որ պետք է իրավաբանական անձ բացենք և գրանցենք այն իր կնոջ անունով, քանի որ տարածքը ենթակա է քանդման, և միայն սեփականատերն իրավունք ունի այնտեղ առևտրային գործունեություն ծավալել։ Ասաց, որ դատարանում դա կարող է լավ փաստարկ լինել և կանխել տարածքի հնարավոր քանդումը։ Հիմա գիտեմ, որ դա սուտ էր։ Բայց այն ժամանակ նրա ասածները մեզ համոզիչ էին թվում։ Համաձայնեցինք։ Նրա կնոջ հետ ես ընդամենը երկու անգամ եմ հանդիպել։ Երկու անգամն էլ նա զուտ ստորագրություն է տվել, և ուրիշ ոչ մի բանի այս ամբողջ ընթացքում չի մասնակցել։ Ֆորմալ առումով ինձ նշանակեցին ընկերության գործադիր տնօրեն։ Արծրունի հորդորով նաև փաստաթուղթ ստորագրեցի՝ ազատման դիմում, բայց ամսաթվի տողը թողեցինք դատարկ։ Մի խոսքով՝ ինչ պետք էր ստորագրեցի, ու սկսեցինք աշխատել։ Ի սկզբանե ոչ մի խնդիր չկար։
Հետո բակում մի տեղ էլ ազատվեց, դա էլ վարձեցինք։ Հետո երկրորդը, երրորդը։ Քիչ-քիչ վարձում էինք, վերանորոգում, ընդլայնում բիզնեսը։ Հիմնական տեղում թորած խմիչքներ և կոկտեյլներ էին վաճառվում, բակի փոքրիկ տարածքներում՝ քրաֆթ գարեջուր, հայկական գինի։ Նաև խոհանոց ունեինք, որ կերակրենք բոլորին։
Գործերը լավ էին գնում, տարածքի վարձը անընդհատ բարձրացվում էր։ Բակի այդ չորս տեղերի համար վճարում էինք ամսական արդեն 500 հազար դրամ։ Իսկ երբ բարը դարձավ իրոք պոպուլյար, Արծրունը սկսեց մեզ հետ այլ ձևով խոսել։ Անընդհատ սպառնում էր, գոռգռում։ Հետո սկսեց ասել, որ ես իրեն միլիոններ եմ պարտք։ Կարծում եմ՝ ուղղակի տեսնում էր, թե ինչքան շատ մարդ է գալիս բար։ Մի քանի սկանդալներից հետո նա հայտարարեց, որ բիզնեսից տոկոս է ուզում։ Սպառնաց, որ կվռնդի մեզ, եթե չհամաձայնենք։ Այսպես տարածքի վարձը սկսեցինք հաշվել ըստ նրա, թե որքան եկամուտ ունենք։ Համաձայնվեցինք եկամտի 20 տոկոսը տալ իրեն։ Բա ի՞նչ անեինք։ Մենք չէինք ուզում տեղափոխվել, մարդկանց այդ բակը դուր էր գալիս։ Երբ ինչ-որ սոցիալական ցնցումներ էին լինում, մեր բար ավելի շատ մարդ էր գալիս, թվերն աճում էին, մարդիկ գալիս էին գոտեպնդվելու մեզ մոտ։ Մտածում էի՝ վաու, ես արդեն պատասխանատվություն եմ կրում։ Մի խոսքով, չէինք ուզում գնալ այդտեղից։ Համաձայնվեցինք նաև այդ պահանջին։
Ուզում էինք իրա հետ պայմանագիր կնքել, սկսում էր այլայլվել և գոռալ, թե ոչինչ չի ստորագրելու։ Մի ամիս հետո ասաց, որ փոշմանել է 20 տոկոսի մասով և պահանջում է ամեն ամիս վճարել նվազագույնը 2․7 միլիոն դրամ։ 80 հազարից վարձավճարը դարձավ 2․7 միլիոն։ Համաձայնվեցինք, բայց պայմանով՝ միայն ամառային սեզոնի համար։ Մնացած ամիսներին պիտի եկամտի 20 տոկոսը տայինք։ Կամաց-կամաց Արծրունը սկսեց խառնվել նաև մեր գործերին։ Անընդհատ գալիս էր բար։ Մեկ բողոքում էր, որ հաճախորդներից փող չենք վերցնում կոտրված բաժակների համար, չնայած իրա բակում մի հատ ուղիղ տեղ չկա, հատակից բռնած ամեն ինչ ծուռումուռ է։ Մեկ պահանջում էր, որ բարմենը իրեն ցույց տա դրամարկղը, ստիպում էր սուրճ գնել իր ընկերոջից։ Սկսեց ասել, թե «էս ոչ թե դու ես աշխատում, այլ իմ պլատֆորմն է աշխատում, դու ինձ մոտ ես աշխատում։ Քո շնորհքը չէ, ուղղակի տարածքի տեղը լավն է»։ Ինչ-որ պահի ստիպեց մեզ Ջերմուկի փոխարեն Գառնի վերցնել, սկսեց ինքն էլ թորած խմիչք սարքել և վաճառել մեր բարում։
Այսպիսի պայմաններում ձգեցինք մինչև ապրիլ։ Ապրիլին Արծրունը նորից մտափոխվեց և հետ կանգնեց սեզոնների հետ կապված պայմանավորվածությունից։ Իր համար խոսքը արժեք չունի, ստորագրել էլ չի ուզում։ Սկսեց պահանջել, որ ամսական նվազագույնը 2․7 միլիոն դրամի պայմանը տարածվի նաև ձմեռային ամիսների վրա։ Նույնիսկ դա ուղիղ չէր ասում, զուտ գոռում էր․ «Վերահաշվարկ արե՛ք, ինձ դուր չի գալիս, քի՛չ է։ Այլ տարբերակ առաջարկեք։ Ապրիլի համար մեկ միլիոն էլ փոխանցի»։
Արդեն կարծես նրա գերին լինեինք։ Մեզ համար այդ տեղը իրոք թանկ էր, չէինք ուզում տեղափոխվել։ Դրան էլ համաձայնվեցինք։ Տարա, 4 միլիոն 100 հազար դրամ էլ տվեցի ձմեռվա համար․ արդեն հետին թվով վերահաշվարկ էր արել։
Վերցեց գումարը և միանգամից հայտարարեց, թե վերջ՝ այսուհետ սա իրա ֆիրման է, իմ բիզնես-պարտնյորներին ինքը չի ճանաչում։ Ասեց․ «Սրանից հետո դու աշխատում ես իմ համար։ Կստանաս այնքան, ինչքան ստանում էիր։ Նույնիսկ մի քիչ ավել, քանի որ տարածքի վարձ քեզնից էլ չեմ վերցնի»։ Ըստ նրա, ես պիտի ուրախանայի նման առաջարկի համար և իրան տայի իմ բիզնեսը, քցեի ընկերներիս։ Ես հրաժարվեցի։ Նա սկսեց սպառնալ, որ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնի, կնստացնի ինձ բանտ։ Ասեց․ «Եթե չաշխատես իմ վրա, ուրեմն կնստես։ Ես ընկերներ ունեմ, կզանգեմ ում պետք լինի։ Քեզ բանտում հետաքրքիր բաներ են սպասվում, քանի որ ռուս ես և այլն։ Քո Մոսկվայի ընկերներին էլ շուտով կայցելեն, ես ամենաուր ունեմ կապեր»։
Դուրս եկա, միանգամից զանգեցի իմ պարտնյորներին։ Եկան, միասին գնացինք Արծրունի հետ խոսելու։ Արծրունն էլ էր ընկերների հետ եկել։ Նորից ինչ-որ թվեր էր հիշատակում, ինչ-որ անհեթեթություններ․․․ Իսկ հետո շշով խփեց իմ ընկեր Ալեքսեյի գլխին։ Ալեքսեյը կեպկայով էր, բայց հարվածից սկսեց արյուն հոսել․ գլխամաշկը հատվել էր։ Մենք հասկացանք, որ սա պրովոկացիա է՝ խփեց ու էլ ոչինչ չարեց։ Անմիջապես հեռացանք, ու ես զանգեցի մեր երեխեքին, որ շտապ փակեն բարը, վերցնեն անձնական իրերը ու գնան։ Հունիսի 16-ին մի օրում փակվեցինք, գրեցինք այդ մասին ինստագրամում։ Արծրունը հետո այդ գրառման սքրինշոթը ուղարկել էր, հարցնում էր՝ ինչո՞ւ ենք փակվել, և պահանջում «էդ սայթի փասվորդը» տալ իրեն։ Էտ մի բանը գոնե չարեցինք։
Նրանք սկսեցին հանել մեր տեսախցիկները, նույն օրը փոխեցին կողպեքները, հետո փորձում էին ինքնուրույն աշխատացնել բարը։ Մեր ամբողջ տեխնիկան մնացել է այնտեղ։ Նոր էջ են բացել ինստագրամում, բարը անվանափոխել են 16:20, բայց հիմա այդ էջն էլ չեն վարում. իրենց մոտ միայն բացասական քոմենթներ էին։ Արծրունը նույնիսկ զանգել էր մեր բարմեններից մեկին, առաջարկել «վերադառնալ» և աշխատել իր համար։ Մեր երեխեքը պարկեշտ մարդիկ են, իհարկե հրաժարվել են գնալ նրա մոտ։
Սկզբից նրա առաջարկած թղթաբանությունը մեզ ֆորմալ բան էր թվում։ Մենք ունեինք հաշվապահ, որին վարձել էինք Արծրունի հետ։ Իրավաբանական անձը գրանցված էր նրա կնոջ անունով, տարածքի վարձը տալիս էինք կանխիկ։ Հաշվապահը առաջարկել էր այսպիսի սխեմա, ասում էր, որ դա ընդունված ձև է․ որպես տնօրեն ես հաշիվ էի դուրս գրում, կազմակերպության հաշվից գումարը փոխանցում էի իմ անձնական հաշվին, կանխիկացնում և տալիս վարձավճարը Արծրունին արդեն քեշով։ Ամենասկզբից էլ հարցնում էի՝ արդյոք սա նորմալ է, ես նման հարցերից գլուխ չեմ հանում։ Հաշվապահն ասում էր, որ սա օրինական ընթացակարգն է, բոլորն են այսպես անում։ Հաշիվ ես դուրս գրում և տարվա վերջում վճարում 5 տոկոս հարկ, ստանում դիվիդենդներ։ Մենք մայիսին 5 միլիոն դրամ հարկ ենք վճարել։ Պարզ է, որ 5 տոկոսը մեզ համար շատ էական չէր։ Արծրունն էլ էր կապի մեջ հաշվապահի հետ։ Ի վերջո ստացվեց այնպես, որ մեր փակվելուց հետո նրանք հավաքեցին բոլոր փաստաթղթերը և գնացին բանկ, առգրավեցին մեր բանկային հաշիվը։ Հիմա հաշվին մենք նույնիսկ հասանելիություն չունենք։
Երբ դու տեղացի չես, դու քեզ իրավաբանորեն պաշտպանված չես զգում։ Ես Ռուսաստանից եմ, ստեղի օրենքները չգիտեմ։ Ես հո իրավաբան չեմ, այլ պարզապես դիզայներ։ Ի սկզբանե Արծրունը մեզ թվում էր մի քիչ տարօրինակ, բայց բարիացկամ ռանտյե։ Խնդիրները հետո սկսվեցին. սկզբում վարձավճարն է բարձրացնում, հետո էլի, հետո էլի, հետո տոկոս է պահանջում բիզնեսից, հետո պահանջում է ամբողջ բիզնեսը, հետո սպառնում է ծեծել ինձ, բանտ նստեցնել, ինձ վրա օրենքով գողեր բերել։ Ի վերջո նա շշով խփել է իրեն մեջքով նստած մարդու գլխին։ Սա նորմալ չէ՝ ոչ մարդկային, ոչ փողոցային կամ տղայական պանյատներով։
Ես չեմ կարծում, որ ինքը ի սկզբանե ուներ ռեկետի պլաններ։ Ես այդ փաստաթղթերը ստորագրեցի ու մոռացա դրանց մասին։ Իրավաբանական անձը նրա կնոջ անունով գրանցելու պահն էլ … Մտածում էի, թե ճիշտ է ասում՝ եթե տարածքը ենթակա է քանդման, միայն սեփականատերը կարող է այն օգտագործել։ Դա ինձ դուր չէր գալիս, բայց ի՞նչ անեի։ Եթե այդպես է պետք, այդպես կաշխատենք։
Մեր բարի փակումը գրավեց նաև քաղաքային իշխանությունների ուշադրությունը։ Փակման մասին հայտարարել էին առանց պատճառները մանրամասնելու, ուզում էին նախ փաստաբան գտնել։ Ինստագրամում ինչ-որ մեկը նշել էր Կենտրոնի թաղապետարանին, նրանք կապվեցին մեզ հետ, առաջարկեցին հանդիպում կազմակերպել իմ ու Արծրունի միջև, որպեսզի մենք խաղաղ համաձայնության գանք։ Ես գնացի այդ հանդիպմանը, բայց նա շարունակում էր ասել՝ «ամեն ինչը այստեղ իմն է, ես եմ տնօրինելու»։ Ես փորձում էի բացատրել, որ մենք չփակված հաշիվներ ունենք, մատակարարներին մոտ յոթ միլիոն պիտի վճարենք։ Մենք շատ կտրուկ փակվեցինք, հաշվապահությունը կախված է։ Իսկ նա շարունակում էր ասել՝ «սա իմ ֆիրման է, ես քեզ ցույց կտամ։ Եթե իմ ընկերներն իմանան էս ամենի մասին, ես նրանց չեմ կարող կանգնեցնել»։ Մենք նույնիսկ ստիպված գտանք իրա հիշատակած գողերին։ Նրանք ասացին, որ չեն պատրաստվում վիզ դնել նրա համար։
Արծրունը կառչում է հիմնականում փաստաթղթերից, այո։ Օգտագործում է այդ թուղթը, որը ես ստորագրել եմ՝ գործադիր տնօրենի պաշտոնից ազատման դիմում, որը ի սկզբանե առանց ամսաթվի էր։ Ավելացրել է ամսաթիվ, կինը նրան նշանակել է նոր գործադիր տնօրեն, այդ թղթերով գնացել են բանկ, առգրավել են մեր հաշիվը։ Հաշվին կար 15 միլիոն դրամ, որի մի մասը մատակարարների պարտքն էր։ Այս ամբողջ գումարը հիմա իր մոտ է։ Հանե՞լ է հաշվից փողը, թե չէ՝ չգիտենք։
Մենք տարբեր ձևերով փորձել ենք իր հետ խոսել, բացատրել, որ սխալ է անում, փորձել ենք գալ համաձայնության։ Նա սկսեց մեզնից հարյուր միլիոն դրամ պահանջել՝ մի տարվա եկամուտը։ Ասում էր՝ եթե չտաս, ոստիկանություն կդիմեմ ու կմեղադրեմ քեզ գողության մեջ, քեզ կնստեցնեն։ Ստիպված էինք ի վերջո ինքներս դիմել դատախազություն։ Սկզբում վախեցել էր, փորձում էր կոնտակտի գնալ, հետո առաջարկեց ինչ-որ ռեստորանում հանդիպել Մոսկվայից եկած իր ընկերների հետ։ Մեր իրավաբանը ասաց, որ մենք այսուհետ գործելու ենք ինքնուրույն և բացառապես իրավական դաշտում։
Հաղորդում ենք ներկայացրել, այն ընդունվել է, գործը ընթացքի մեջ է։ Հիմա ժամանակավոր աշխատում ենք Niko բարում՝ մեր ընկերների մոտ, որ մեր աշխատողները անգործ չմնան։ Պլանավորում ենք վերաբացվել նոր տեղում։
- Լուսանկարներում բարի համահիմնադիրներ Վիտալի Կոռնեևն ու Ելիզավետա Ժիցկայան մեկնաբանություն են տալիս Epress.am-ին։ Տեսահսկման ձայնագրություններից արված սքրինշոթներում երևում է, թե ինչպես են Արծրուն Շախյանն ու նրա ընկերները տնավորվում բարում՝ սղոցում են դռները, անջատում տեսախցիկները, հավաքում դրամարկղային փաստաթղթերը։
- Նյութի ռուսերեն տարբերակը հրապարակվել է հուլիսի 18-ին։