Home / Հայաստան / Հայաստանը չի արտահանձնելու «բարության» ռուսաստանցի դասատուին

Հայաստանը չի արտահանձնելու «բարության» ռուսաստանցի դասատուին

Ռուսական մամուլը՝ հղվելով «Ագենստվո» գործակալությանը, արդեն մի քանի օր է գրում է Հայաստանում մերձմոսկվացի ուսուցչուհու ձերբակալության մասին։ Հայաստանի իրավապաշտպանները բացատրում են՝ կնոջ նկատմամբ Ռուսաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, նրան բաժին են տարել Զվարթնոց օդանավակայանից՝ ստանդարտ ընթացակարգի շրջանակներում, փաստաթղթավորել են, մի քանի ժամ հետո՝ ազատ արձակել։ Արտահանձնման կամ կալանավորման վտանգ չկա։

***

Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել հուլիսին: Հունիսին նրան մեղադրանք են առաջադրել ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար։ Պատճառը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու «Բարության դասն» էր․ մեղադրանքի համաձայն, 2022 թվականին նա երեխաներին պատմել է ուկրաինական Բուչայում ռուսական բանակի պատերազմական հանցագործությունների մասին։ Մոտ երկու տարի աշակերտներից մեկի ծնողը մատնագրեր է ուղարկել ոստիկանություն՝ մինչև ուժայինները քրեական գործ չհարուցեն։ Հունիսի 12-ին կինը ստիպված է եղել լքել Ռուսաստանը։

Տարանուշենկոյին ձերբակալել են «Զվարթնոցի» սահմանապահ ծառայողները, քանի որ նրա անունը ներառված է եղել հետախուզվողների տվյալների բազայում։ Նա տարվել է ոստիկանության բաժին, մոտ չորսուկես ժամ հետո՝ ազատ արձակվել։

natalya
Տարանուշենկոյի քարտի սքրինշոթը ՌԴ ՆԳՆ հետախուզման բազայից

Սա առաջին դեպքը չէ, երբ քրեական հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին արգելում են լքել Հայաստանը՝ ստանդարտ պրոցեդուրա, որն ամրագրված է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով։ Ռուսաստանցի ակտիվիստների արտահանձնման դեպքեր մինչ այս չեն եղել։

***

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Անի Չատինյանի մեկնաբանությունը․

— Նատալյա Տարանուշենկոյին տեղում բաց են թողել։ Մոտ 4 ժամ պահել են, փաստաթղթավորել են և ազատ են արձակել։ Ձերբակալություն չի եղել։ Արտահանձնման վտանգ չկա։

Քանի որ նրա նկատմամբ քրեական գործ կար հարուցված, այդ տվյալները ավտոմատ ներառվում են ՍԷԿՏ՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում։ Հայաստանը ևս տեսնում է Ռուսաստանում հայտարարված հետախուզման հիման վրա կիրառված սահմանափակումները՝ ելքի արգելք և այլն։ Սա ստանդարտ պրոցեդուրա է։

տե՛ս Հայաստանը շնորհակալ է «Զվարթնոցում» ապօրինի ներկայության համար

Հոդվածը, որով Ռուսաստանում քրեական հետապնդում են հարուցել Տարանուշենկոյի նկատմամբ, Հայաստանում քրեական չի համարվում։ Հետևաբար, եթե նույնիսկ լինի արտահանձնման միջնորդությունը, Հայաստանը՝ կոնվենցիային հղում անելով, պարտավոր է լինելու այն մերժել։

Սա դեռ չի նշանակում, որ սահմանային սահմանափակումը վերացված է։ Ելքի արգելքը հիմա էլ է գործում։ Ըստ ստանդարտ պրոցեդուրայի՝ այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա Ռուսաստանում հարուցված քրեական գործը։ Հայաստանը լքել նա դեռևս չի կարող։

Առհասարակ, կարգը այնպիսին է, որ այս սահմանափակումը վերացվում է միայն երբ քրեական հետապնդումը դադարեցված է համարվում։ Նախաձեռնող կողմը, որը հարուցել է այդ հետապնդումը և դրել է սահմանափակումը, պետք է այն հանի։ Բայց մեր կազմակերպությունը Հայաստանում որոշակի համակարգային լուծում է փորձել տալ այս խնդրին, հիմա մենք արդեն հնարավորություն ունենք դիմել կոնկրետ այս դեպքով և եթե պատկան մարմինները գտնեն, որ տվյալ պարագայում հնարավոր է անհատական կարգով թույլատրել հատել սահմանը՝ կթույլատրվի։ 

Սա առնվազն չորրորդ դեպքն է, երբ ռուսաստանցի քաղակտիվիստներին ձերբակալել են Զվարթնոցում, բերման ենթարկել բաժին և ազատ արձակել չհեռանալու պայմանով։ Նիկիտա Կամենսկիին և Իրինա Բելաչեուին հետագայում թույլատրվել է լքել Հայաստանը։ Արտահանձման դեպքեր չեն եղել (չեչեն Սալման Մուկաևի արտահանձնումը հայաստանյան դատարանը արդեն մերժել է)։ Անցած ամիսների ընթացքում Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորականները, շրջանցելով Հայաստանում գործով իրավակարգավորումները, առևանգել և Ռուսաստան են փախցրել դասալքության մեջ մեղադրվող Դմիտրի Սետրակովին։ Նույն հոդվածով մեղադրվող Անատոլի Շչետինինին ռուս զինվորականները փորձել են հանել Հայաստանից, հայ սահմանապահները արգելել են դա՝ պահանջելով արտահանձման պաշտոնական ընթացակարգ մեկնարկել։