Փատաբաններին հաջողվել է տեսակցել ռուսական ռազմաբազայում մեկուսացված Անատոլի Շչետինին, որին, ըստ հայաստանյան իրավապաշտպանների, առևանգել և 102-րդ բազայի տարածք էին տեղափոխել Ռուսաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Մարտի 29-ից նրան պահում են ռազմաբազայի տարածքում՝ առանց որևէ իրավական հիմքի։ Նախորդ տեսակցության ժամանակ տղամարդը կրկնել էր ռուս զինվորականների «պաշտոնական վարկածը» և հրաժարվել իրավական աջակցությունից։ Այս անգամ նա խնդրել է իրավապաշտպաններին օգնել իրեն դուրս գալ փակի տակից։
Փաստաբան Նարեկ Հակոբյանը (Միջազգային պաշտպանությանը աջակցության կենտրոն) և «Հասարակական վճիռ» կազմակերպության փորձագետ Հասմիկ Նովիկովան Շչետինին տեսակցել են ապրիլի 30-ին։
«Նրանք մեզ թողեցին հանդիպել Շչետինինի հետ ռազմաբազայի անցակետի մոտ։ Նա քաղաքացիական շորերով էր, սև ակնոցներով, նրան ուղեկցում էր կարմիր բերետով երիտասարդ ռազմական ոստիկանը։ Անատոլին մի փոքր շփոթված էր, բայց վհատված չէր։ Նա ուզում է վերադառնալ Ռուսաստան, հավատում է իր գործով լավ սցենարին, բայց այդքան էլ չի գիտակցում ռիսկերը։ Նա համաձայնել է իրավաբանական օգնություն ստանալուն, ինչը, ինձ թվում է, բավականին զարմացրել է մայոր Կովրիժկինին, որը փորձում էր հուշել Շչետինինին՝ ինչ է պետք պատասխանել մեզ բազայի սպաների հետ կարծիքների փոխանակման ժամանակ: Մայոր Կովրիժկինը փորձում էր ասել, որ փաստաբանը պարտադրում է նրան իր ծառայությունները», – պատմել է Նովիկովան։
Ռազմաբազայում փորձել են հնարքներ գտնել՝ Շչետինինի մեկուսացմանը իրավական աստառ տալու համար։
«Նրան փորձել են լեգալիզացնել ռազմաբազայում ամենապարզ հնարքի միջոցով՝ գործուղել այնտեղ որպես պայմանագրային։ Հնարամիտ է, բայց ոչ համոզիչ։ Նա շարունակում է պահվել բազայում առանց պրոցեսուալ կարգավիճակի», – գրել է «Հասարակական վճիռ» կազմակերպությունը։
Շչետինինը թուղթ է ստորագրել՝ իրավաբանական օգնություն ստանալու համաձայնություն, և սպասում է, երբ կկարողանա օգտվել այդ աջակցությունից՝ մասնավորապես, սեփական կարգավիճակը պարզելու և անորոշ այս իրավիճակում հստակություն մտցնելու նպատակով։
Իրավապաշտպանների խոսքով՝ նա չի հասկանում, ինչ պրոցեսուալ կարգավիճակ ունի և ինչու է պահվում ռազմաբազայի տարածքում, որից կարող է դուրս գալ միայն ռազմական ոստիկանի ուղեկցությամբ։
Չգիտի նաև, ինչ է կատարվում քրեական գործի հետ, որը հարուցվել է իր դեմ Ռուսաստանում։ Ով է վարում այդ գործը՝ պարզ չէ։ Ո՛չ քննիչի անունն է հայտնի, ո՛չ էլ քննչական վարչության։
չգիտեր, որ պատանդ է
Մարտի 29-ին Անատոլիին առևանգել են Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսության մոտից և տարել 102-րդ ռազմաբազա։ Շչետինինը Հայաստան է եկել 2023-ի հոկտեմբերին, մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու և զինվորական ծառայությունից խուսափելու մեջ՝ դասալքության հոդվածով։ Հետախուզում էլ կար հայտարարված։ Նրա առևանգման մասին առաջինն ահազանգել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որին դիմել էին Անատոլիի հայաստանյան ընկերները։
տե՛ս Գյումրիի բազայում մեկուսացվածը «արդարացնում» է «առևանգողներին»
Փաստաբան Նարեկ Հակոբյանը և իրավապաշտպան Հասմիկ Նովիկովան առաջին անգամ նրան տեսակցել են ապրիլի 10-ին՝ հենց 102-րդ բազայի տարածքում։ Մեկուսացված տղամարդն այն ժամանակ հայտարարել էր, թե հոժարակամ է հայտնվել այս իրավիճակում, թե «ոչ ոք իրեն չի առևանգել», թե ռուսական բազայում ինքը սեփական կամքով է մնում, «օգնության կարիք չունի», «ուզում է վերադառնալ Ռուսաստան», որտեղ «ինքնուրույն գլուխ կհանի»։ Նա ասել էր, թե իր դեմ հարուցված քրեական գործը արդեն կարճվել է, բայց և հրաժարվել էր ներկայացնել կարճման որոշումը։
Հանդիպումից հետո իրավապաշտպան Նովիկովան նշել էր՝ տպավորություն ուներ, որ Շչետինինը անգիր արած արտահայտություններով է խոսում։
Նույն օրը պարզվել էր, որ ռուս ուժայինները երկու անգամ փորձել են նրան հանել Հայաստանից և տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Շչետինինի ելքը արգելել են Հայաստանի սահմանապահ ծառայողները՝ հիմնավորմամբ, որ հետախուզման մեջ գտնվող անձի արտահանձնման ելքի համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի արդարադատության նախարարի թույլտվությունը, որը չկար։
Հերքման տեքստերը հաջորդել էին հենց այս որոշմանը։
Ռուսական Սպուտնիկի հայաստանյան մասնաճյուղը տեսանյութ էր հրապարակել, որում Շչետինինը՝ տեսախցիկի առաջ, պատմում էր, թե հասկացել է, որ Ռուսաստան վերադառնալու ժամանակն է եկել, սպոնտան որոշել է գնալ հյուպատոսություն, հոժարակամ կանչել է ռազմաբազայի աշխատակիցներին, ամեն ինչ իր կամքով է արվել, որ ռազմաբազայում իրեն ոչ ոք չի պահում՝ երբ ուզի, կարող է դուրս գալ, և «գուցե պետք է լինելու պատասխան տալ իմ զանցանքի համար, բայց ես դրանից չեմ վախենում, ես ռուս զինվոր եմ, հայրենիքիս առաջ իմ մեղքը, եթե թույլ տան, կքավեմ»։
առաջինը չէ
Ապրիլի 10-ին տեղի ունեցած հանդիպումից հետո փաստաբան Նարեկ Հակոբյանը դիմում էր ուղարկել ռազմաբազա՝ խնդրելով պաշտոնական տեղեկատվություն փոխանցել Շչետինի գնտվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կատարված և նախատեսվող պրոցեսուալ գործողությունների վերաբերյալ։ Դիմումն առ այսօր էլ անպատասխան է մնացել։
Ապրիլի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստաբանն այդ դիմումը հետն է բերել, փորձել է փոխանցել ռազմաբազայի ղեկավարությանը։ Անցակետում դիմումը հրաժարվել են ընդունել։ Մինչ այժմ նույնիսկ քրեական գործի նյութերը նրանց չեն փոխանցվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս ուժայինները Հայաստանում մարդ են առևանգում։ Անցած տարեվերջին նրանք բռնել էին նաև Դմիտրի Սետրակովին, որը փախել էր ուկրաինական ռազմաճակատից և հրաժարվել ծառայությունը շարունակելուց։ Սետրակովին տարել էին Գյումրիի միևնույն ռազմաբազա, այնուհետև անհայտ ճանապարհով փախցրել Ռուսաստան։
տե՛ս Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում
Շչետինի գործով Հայաստանում քննություն է սկսվել։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահները կպարզեն, ինչ է տեղի ունեցել, և հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։