Չինաստանում հաջողությամբ մեկնարկել է առաքելությունը, որը տիեզերքի յուրացման պատմության մեջ առաջին անգամ Երկիր է բերելու հողի նմուշներ Լուսնի հակառակ կողմից։
«Չանյե-6» զոնդով հրթիռ-կրիչը մեկնարկել է այսօր, «Վենչան» տիեզերական թռիչքների կայանից, տեղական ժամանակով 17:30-ին (9:30 ըստ Գրինվիչի, Երևանյան ժամանակով՝ 12:30)։
53-օրյա առաքելության հիմնական նպատակը շուրջ երկու կիլոգրամ լուսնային ռեգոլիտ հավաքելն է՝ հետազոտելու և Երկրի միակ արբանյակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու նպատակով։
Այսպիսի հանձնարարությունը լիարժեք իրականացնելու համար ոչ միայն պետք է հաջողությամբ վայրէջք կատարել Լուսնի հակառակ կողմում (ինչը մինչ օրս էլ տեխնիկական դժվարություններ է առաջացնում, հատկապես՝ լուսնային էկվատորից հեռու կայանելու դեպքում), այլև բարեհաջող մեկնարկել թռիչքը դեպի երկիր։
«Լուսնի հակառակ կողմ» արտահայտությանը համարժեք անգլերենում կիրառվում է «Լուսնի մութ կողմը» տարբերակը։ Իրականում արևի ճառագայթներն այդ կողմը լուսավորում են ոչ պակաս, քան «ճակատային կողմը»։ Լուսնի պտույտի առանձնահատկությունների պատճառով, սակայն, այդ կողմը երբեք չի նայում Երկրին՝ մնալով անտեսանելի։
Մինչ այս իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր արբանյակի հակառակ կողմի մակերևույթը ծածկված է կեղևի ավելի հին և ավելի կոշտ շերտով, այնտեղ ավելի շատ են լուսնային խառնարանները։ Երկրին նայող կողմը, ըստ հետազոտողների, նախկինում մեծամասամբ պատված է եղել լավայով։
Ինչպես և ամերիկյան «Արտեմիդա» ծրագիրը, չինական զոնդը ևս անվանակոչվել է Լուսնի աստվածուհու պատվին, որը չինական առասպելաբանության կարևորագույն հերոսներից է։
Ըստ պլանի, զոնդը պետք է վայրէջք կատարի Լուսնի Հարավային բևեռի ահռելի խառնարանում, որի տրամագիծը կազմում է շուրջ 2500 կմ, իսկ խորությունը՝ 8 կմ։ Այնտեղ ապարատը կսկսի քարեր հավաքել և որոշակի փորձեր իրականացնել հենց տեղում։ Գիտնականները հուսով են, որ այս առաքելության արդյունքում ստացված նոր տեղեկությունները հնարավորություն կտան ավելի ճշգրիտ պատկերացնել մեր արբանյակի ծագումը։
Հինգ տարի առաջ Չինաստանը առաջին երկիրն էր, որ լուսնագնաց տեղադրեց Լուսնի հակառակ կողմում։ Այդ առաքելության համար ուղարկված զոնդը Երկիր վերադարձավ 2020 թվականի դեկտեմբերին՝ բելերով լուսնային հողի նոր նմուշներ։ Այսօրվա թռիչքն առաջիկա տասը տարում Չինաստանի կողմից ծրագրված դեպի լուսին թռիչքների եռյակից առաջինն է միայն։ 2030 թվականին Չինաստանը պատրաստվում է Լուսին ուղարկել իր առաջին տիեզերագնացներին։ Հողի նմուշներ բերելու առաքելություններ նախատեսվում են նաև դեպի Մարս և Յուպիտեր։