Home / Առողջապահություն / Նոր դեղամիջոցը կարող է երկարացնել Ալցհայմերով հիվանդների կյանքը

Նոր դեղամիջոցը կարող է երկարացնել Ալցհայմերով հիվանդների կյանքը

Գիտնականները մշակել են դեմենցիայի (թուլամտություն) ամենատարածված պատճառի՝ Ալցհայմերի դեմ պայքարելու նոր դեղամիջոց։ Դեղն անվանել են «լեկանեմաբ». այն մոտ 25%-ով դանդաղեցնում է հիվանդության՝ ուղեղը վնասելու պրոցեսները։  

Ալցհայմերի հիվանդությունը նյարդային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխություններով ուղեկցվող և ներկայումս անբուժելի հիվանդություն է։ Ամենահաճախ հանդիպող գանգատը կարճատև հիշողության կորուստն է, իսկ հիվանդության խորացման ժամանակ ավելանում է նաև խոսքի խանգարումը, ապակողմնորոշումը, տրամադրության անկայունությունը, մոտիվացիայի կորուստը և տարբեր վարքագծային խանգարումներ։ 

Բրիստոլի հիվանդանոցի բժիշկ Էլիզաբեթ Քուլթհարդի գնահատմամբ Ալցհայմերի ախտանիշներ հայտնաբերելուց հետո հիվանդներն ինքնուրույն ապրել կարողանում են մոտ 6 տարի։ Հիվանդության զարգացման արագությունը և ուղեղի վնասման գործընթացը քառորդ անգամով պակասեցնելը հիվանդների կյանքը կարող է ավելացնել մոտ մեկ ու կես տարով։

Մինչ այս ավելի քան 21 տարի Ալցհայմերի բուժումը փակուղու մեջ էր։ Հիվանդներին նշանակվող դեղամիջոցները պայքարում են ոչ թե հենց հիվանդության, այլ դրա ախտանիշների դեմ և դրանցից ոչ մեկը չի ազդում հիվանդության ընթացքի վրա։

Չնայած նախորդ տարվա հունսին ԱՄՆ-ում հաստատվել էր հիվանդության դեմ «ադուկանումաբ» դեղամիջոցի սահմանափակ կիրառումը, եվրոպական շուկայում այն տեղ չէր գտել։ Պատճառը դեղամիջոցի անարդյունավետ լինելու կասկածներն էին և հաճախ հանդիպող (մինչև 47% դեպքերում) կողմնակի ազդեցությունները, որոնցից էին ուղեղի այտուցը և արյունազեղումները։

Հարկ է նշել, որ «լեկանեմաբի» արդյունավետությունը գիտնականների մոտ նույնպես հարցեր է առաջացրել, օրինակ՝ դեղամիջոցը հիմնականում ազդում է հիվանդության վաղ շրջաններում, երբ մարդու ուղեղը դեռևս քիչ է վնասվել։ 

Սակայն, ախտրոշման ներկայիս պայմաններում հիվանդությունը դժվար է հայտնաբերվում․ որպես կանոն հիշողության հետ կապված գանգատներով բժշկի դիմող անձանց մեծամասնությունն արդեն իսկ հիվանդության ուշ փուլերում է գտնվում։ Այլ կերպ ասած՝ նոր դեղամիջոցը հիվանդների մեծամասնության համար կարող է անօգուտ լինել։


Նկարում Ալցհայմերով տառապող մարդու ուղեղն է (ձախից)՝ համեմատած առողջ ուղեղի պատկերին (աջից)։ Ալցհայմերով հիվանդի գլխուղեղն ավելի կծկված է, իսկ ծալքերը նյարդային հյուսվածքի քայքայման հետևանքով ավելի արտահայտված։ Վնասված գլխուղեղի հյուսվածքը չի վերականգնվում, հիվանդությունը ի վերջո հանգեցնում է մահվան։ 

Բացի այդ «լեկանեմաբը» նույնպես՝ որպես կողմնակի ազդեցություն, կարող է առաջացնել ուղեղի այտուց և արյունազեղումներ, ուղղակի՝ ավելի քիչ դեպքերում։ Ընդհանուր առմամբ դեղամիջոցը ստացող հիվանդների 7%-ը ստիված է եղել դադարել բուժումը կողմնակի ազդեցությունների պատճառով։ 

«Լեկանեմաբով» բուժման ցանկալի արդյունք ստանալու համար մարդիկ պետք է հիշողության որևէ խնդիր նկատելիս անմիջապես դիմեն բժշկի, իսկ վերջինս պետք է ուղարկի նրանց ուղեղի սկանավորման կամ ողնուղեղային հեղուկի հետազոտման։ Այս մեթոդներով հայտնաբերվում է ամիլոիդը, որի կուտակումը ուղեղում հիվանդության առաջացման գլխավոր պատճառներից է։ Նման հետազոտություններ ներկայումս անցնում են թուլամտությամբ տառապողների միայն 1-2%-ը։


Ամիլոիդը մարդու օրգանիզմին ոչ բնորոշ յուրահատուկ կառուցվածքով սպիտակուց է, որը արտադրվելուց հետո կուտակվում է տարբեր օրգանների հյուսվածքներում՝ խանգարելով համապատասխան օրգանի աշխատանքը։ Ալցհայմերի ժամանակ հանդիպող ամիլոիդը կոչվում է բետա-ամիլոիդ, որը կուտակվում է գլխուղեղի հյուսվաքում՝ վահանիկների տեսքով։ 

Հետազոտությունն անցկացվել էր 1795 կամավորների շրջանում, որոնք դեղամիջոցը ստանում էին 2 շաբաթը մեկ։ Արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine պարբերականում։

Գիտնականները համարում են, որ այս արդյունքը մեծ առաջընթաց է, քանի որ երկար ժամանակ Ալցհայմերի նոր բուժում ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում էին։ Գիտնականները նաև նշել են որ ավելի երկար կլինիկական փորձարկման դեպքում հավանական է, որ «լեկանեմաբի» ավելի բարձր արդյունավետություն գրանցվի։ 

ԱՄՆ-ում այժմ որոշում է կայացվում լեկանեմաբի լայն գործածումը հաստատելու մասին․ դեղամիջոցը ստեղծած Eisai և Biogen դեղագործական կազմակերպությունները մյուս տարի պատրաստվում են սկսել դեղամիջոցի ընդունման գործընթացը այլ երկրներում։

«Լեկանեմաբը» հակամարմին է, որը նման է իմունիտետի կողմից վիրուսների և բակտերիաների դեմ պայքարի համար ստեղծվող այլ հակամարմիններին, միայն այն տարբերությամբ, որ այս դեղամիջոցն ազդում է Ալցհայմերի ժամանակ գլխուղեղում կուտակվող բետա-ամիլոիդի վրա։ Դեղամիջոցը ուղեղը ամիլոիդից մաքրելու ազդակ է տալիս իմուն համակարգին, ինչն էլ հենց թեթևացնում է հիվանդության ընթացքը։ 

Ըստ հաշվարկների այս պահի դրությամբ աշխարհում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում է ավելի քան 55 միլիոն մարդ։ Հետազոտողների գնահատմամբ՝ 2050 թվականին այդ թիվը կհասնի 139 միլիոնի։