Science գիտահետազոտական ամսագիրն անդրադարձել է ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) նոր շտամի մասին։ Վարակակիրների շրջանում հետազոտության ժամանակ 17-ի մոտ հայտնաբերվել է նոր, ավելի վտանգավոր և ծանր ընթացքով վիրուս։ Այնուամենայնիվ, ներկայում կիրառվող ՄԻԱՎ բուժումը նոր շտամի դեմ արդյունավետ է։
ՄԻԱՎ վարակակիրների առողջության վերահսկման BEEHIVE նախագծի շրջանակներում, հիվանդացության վաղ փուլերում հետազոտողները նկատել են վիրուսային բարձր ծանրաբեռնվածությամբ (վիրուսի խտությունը մարդու արյան մեջ) 17 մարդկանց։ Նրանցից 15-ը Նիդերլանդներից են, 1-ը Շվեյցարիայից և 1-ը Բելգիայից․ բոլորի մոտ հայտնաբերվել է վիրուսի միևնույն տարատեսակը։
Գիտնականների հաշվարկով այս շտամով վարակվողների մոտ ՁԻԱՀ կարող է զարգանալ վատագույն դեպքում 9 ամսում։ Այն բազմաթիվ մուտացիաներ է պարունակում՝ անկանոն կերպով բաշխված գենետիկ շղթայով․ դեռևս չի հաջողվել պարզել, թե որ մուտացիան է հիվանդության ծանր ընթացքի հիմնական պատճառը։
Հայտնաբերված տեսակը մոտ երկու անգամ ավելի ակտիվ է քայքայում CD4 ընկալիչ պարունակող իմունային բջիջները։ Այն նաև ավելի վարակիչ է․ լինելով օրգանիզմում ավելի բարձր խտությամբ, այն հեշտությամբ է տարածվում։ Գիտնականները նշել են, որ նոր ՄԻԱՎ-ի բուժումը նախորդ շտամերի համար նախատեսված դեղորայքով նույնքան արդյունավետ է։
Վիրուսի ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականները հասանելի գենետիկական անալիզներում գտել են այս շտամի ևս 92 վարակակիր Նիդերլանդներում։ Վարակի վաղ հայտնաբերումը կարևոր է տարածումը կանխելու և հիվանդներին համապատասխան բուժում նշանակելու համար։ Բացի այդ, Moderna ընկերությունը հունվարի վերջին սկսել է ՄԻԱՎ-ի դեմ նոր ի-ՌՆԹ պատվաստանյութերի փորձարկումը։ Հունվարի 31-ին պատվաստվել են առաջին մասնակիցները։
ՄԻԱՎ-ը վարակումից հետո սկսում է աստիճանաբար քայքայել իմունային համակարգի բջիջները։ Հիվանդությունը ունի դանդաղ ընթացք, սկսում է անախտանիշ, սակայն բուժման և վերահսկման բացակայության պայմաններում հանգեցնում է ՁԻԱՀ-ի, որը հանդիսանում է վարակի վերջին՝ տերմինալ շրջանը։ Գիտնականները առանձնացրել են վիրուսի 2 տեսակ․ չնայած տարածված կարծրատիպի, թե վիրուսը տարածվում է նույնասեռականների միջոցով՝ ՄԻԱՎ II-ը ավելի հաճախ ախտահարում է հետերոսեքսուալ կանանց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում 38 մլն ախտորոշված ՄԻԱՎ վարակակիր կա։