Նոր տեսակի կորոնավիրուսը միակ վիրուսը չէ, որի դեմ պայքարի միջոցները դեռևս հստակեցված չեն․ ՄԻԱՎ֊ը (մարդու իմունային անբավարարության վիրուս) մարդկությանը հայտնի է վաղուց, բայց դրա հարուցած հիվանդությունը մինչ օրս անբուժելի է համարվում, իսկ վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Լեոնիդ Մարգոլիսը Պոստնաուկային պատմել է ՄԻԱՎ-ի հայտնաբերման, վարակման և դրա առաջացրած հիվանդության բուժման ոչ տրիվիալ խնդիրներին մասին։
Որտեղից է առաջացել ՄԻԱՎ-ը
1981 թվականի հունիսի 5-ին Միացյալ նահանգների Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնն (CDC) իր փոքրիկ տեղեկագրում հիշատակել էր մի նոր տարօրինակ հիվանդության մասին, որը նոր տեսակի թոքաբորբ էր հարուցել Կալիֆորնիայում բնակվող հինգ նույնասեռականների մոտ։
Այն, որ հիվանդությունը վիրուսային ծագում ունի, հասկացել էին գրեթե անմիջապես։ Իսկ 1983 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսն իրարից անկախ հայտնաբերեցին երկու գիտական լաբորատորիաներ․ ֆրանսիական Պաստերի ինստիտուտի մասնագետները՝ Լյուկ Մոնտանյեի գլխավորությամբ, և ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները՝ Ռոբերտ Գալլոյի ղեկավարությամբ։ Ֆրանսիացի հետազոտողներին հաջողվել էր էլեկտրոնային միկրոսկոպի միջոցով տեսնել վիրուսը (ավելի ուշ՝ 2008 թվականին, գիտնականներն իրենց բացահայտման համար ֆիզեոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի արժանացան), իսկ Ռոբերտ Գալլոն ու նրա թիմը կարողացան ապացուցել, որ հենց այդ վիրուսն է հիվանդության՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առաջացման պատճառը։ Ավելի վաղ Գալլոն մշտապես ակտիվացված բջիջների համակարգ էր ստեղծել, որով հնարավորություն ուներ բազմացնել վիրուսն ու ուսումնասիրել դրա պաթոգենեզը։ Հետազոտության առաջին արդյունքները հրապարակվել են 1983-ի մայիսին՝ Science ամսագրում։
Ֆրանսիացի գիտնականները վիրուսը LAV («լիմֆադենոպատիայի հետ կապված վիրուս») էին անվանել, ամերիկացիները՝ HTLV–III, այն դասելով HTLV-վիրուսների խմբին։ 1986 թվականին գիտնականները եկան այն եզրակացության, որ երկու հետազոտությունները գենետիկ առումով նույնանման վիրուսի մասին են, և ընդհանրական անվանում տվեցին՝ ՄԻԱՎ, մարդու իմունային անբավարարության վիրուս։
ՄԻԱՎ համավարակի սկզբնական շրջանում ակտիվորեն շրջանառվում էին դրա արհեստական ծագման մասին դավադրության տեսությունները։ Դրանցից մեկը պնդում էր, որ նոր տեսակի վիրուսը ստեծվել է սևերի ռասայի վերացման համար։ Խորհրդային միությունում գրում էին, որ վիրուսը ստեղծել է Կենտրոնական Հետախուզական վարչությունը, իսկ խորհրդային երիտասարդությունը կարող է հանգիստ լինել․ իրենց այդ վիրուսը չի սպառնում։
Իրականում ՄԻԱՎ֊ը մեզ հասել է անմիջականորեն կապիկներից։ Մինչև այժմ էլ կապիկների շրջանում տարածված է SIV-ն (Simian immunodeficiency virus — կապիկների իմունային անբավարարության վիրուս), որը, սակայն, հիմնականում պաթոլոգիա չի առաջացնում։ Սկզում գիտնականներին թվում էր, որ պատճառը կապիկների լավ զարգացած իմունային համակարգն է։ Ավելի ուշ պարզ դարձավ – և դա վիրուսաբանության կարևորագույն բացահայտումներից էր – որ կապիկների շատ տեսակների մոտ պարզապես իմունային ռեակցիա տեղի չի ունենում այդ վիրուսի հետ։
Որքան էլ պարադոքսալ չհնչի, հենց իմունոակտիվացիան է ՄԻԱՎ֊ի հարուցած հիվանդության շարժիչ ուժը։ Մարդու օրգանիզմում այս վիրուսը բազմանում է միայն ակտիվ լիմֆոցիտներում (T-բջիջներ)։ ՄԻԱՎ֊ով վարակվելու դեպքում, մեր օրգանիզմը պայքարի նույն ձևերն է ընտրում, ինչ այլ տեսակի վիրուսների դեպքում․ ակտիվացնում է լիմֆոցիտները։ Այսինքն, ՄԻԱՎ-ի դեմ պայքարում են հենց այն բջիջները, որոնք վիրուսին պետք են բազմանալու համար։ Իսկ կապիկների մոտ վիրուսի բազմացման համար անհրաժեշտ միջավայր չկա։
Այս պահին աշխարհում շուրջ 38 միլիոն ՄԻԱՎ֊վարակակիր կա։ Մոտավորապես նույնքան մարդ էլ ՁԻԱՀ֊ից մահացել է համաճարակի սկզբնական փուլում։ Որոշ երկրներում այս անբուժելի հիվանդությունը ըստ մահացության երրորդ տեղում է՝ քաղցկեղից ու անոթային հիվանդություններից հետո։
Վիրուսի փոխանցման ձևերը
ՄԻԱՎ֊ը փոխանցվում է սեռական ճանապարհով կամ արյան միջոցով։ Ի տարբերություն շատ այլ վիրուսների, այն օդակաթիլային ճանապարհով կամ մաշկով՝ ձեռքսեղմմամբ օրինակ, չի փոխանցվում։ Այնպես որ, ՄԻԱՎ֊դրական մարդիկ ընդհանրապես վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար։
Սկզբում վարակակիրների մեծամասնությունը տղամարդիկ էին․ համաճարակը սկսվել է նույնասեռականների շրջանում։ Անալ սեռական ակտի դեպքում վարակման հավանականությունը 10-20 անգամ ավելի մեծ է, քան վագինալ սեքսի դեպքում, քանի որ ուղիղ աղիքի բարակ պատերի միջոցող վիրուսը կարողանում է հեշտության ախտահարել օրգանիզմը։ Այնուամենայնիվ, ցանակացած տեսակի չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է վարակվել ՄԻԱՎ֊ով։
Վիրուսը հաճախ հայտնաբերվում է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց մոտ․ կեղտոտ ներարկիչները վիրուսի փոխանցման 95 տոկոս հավանականություն են ապահովում։
Այժմ սակայն, նույնասեռականներն ու թմրամոլները ՄԻԱՎ֊վարակակիրների շրջանում փոքրամասնություն են կազմում։ Ինֆեկցիան ներկայումս առավել տարածված է հասարակության հետերոսեքսուալ հատվածի շրջանում։
ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը
Մի կողմից փաստ է, որ ոչ ներարկային թմրանյութերից խուսափելն ու միայն պաշտպանված սեռական հարաբերությունները կանխում են ՄԻԱՎ֊ի փոխանցումը։ Մյուս կողմից՝ համաճարակը շարունակվում է։
Պատճառներից մեկը այն է, որ մարդիկ հաճախ չեն իմանում, որ վարակակիր են։ Առաջին օրերը լրիվ առանց ախտանշանների են անցնում, հետո թեթև թուլություն է սկսվում, իսկ դրանից հետո սիմպտոմներ ընդհանրապես չեն նկատվում, և վարակի առկայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզի միջոցով։ Իրենց ախտորոշման մասին չիմացող մարդիկ էլ հենց հիմնականում տարածում են վիրուսը։
Կարևորագույն պատճառներից է նաև անտանգ սեքսի կանոններին չհետևելը։ Սրա վառ ցուցիչ է տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգում անց կացված հետազոտությունը, երբ հավանական վարակակիրներին հարցնում էին, արդյո՞ք վարակված լինելու հնարավորության մասին իմանալուց հետո օգտվում են պահպանակներից։ Հարցին դրական պատասխան տվել էր հարցվածների կեսը։
ՄԻԱՎ հայտնաբերումը
ՄԻԱՎ վարակման ախտանշանները նման են հարբուխի․ ընդհանուր թուլություն, բարձր ջերմաստիճան, կոկորդի ցավ։ Հետո սիմպտոմներն անհետանում են, և մարդը կարող է մի քանի տարի ապրել, առանց իմանալու վարակման մասին։
Այսպիսին է իմունային անբավարարության վիրուսի գոյատևման մարտավարությունը․ հնարավորինս երկար աննկատ մնալ։ Եթե սկբնական շրջանում մարդու արյան մեջ մեծ քանակության վիրուս կա, ապա ավելի ուշ վիրուսի հետքեր արյան մեջ գրեթե չեն նկատվում։ Տևական ժամանակ գիտնականները կարծում էին, որ վիրուսն իսկապես անհետանում է։ Հետո պարզ դարձավ, որ այն պարզապես արյան միջից անցնում է լիմֆատիկ հյուսվածք, որը բարդ է հետազոտել։ Վիրուսն այստեղ հեշտությամբ բազմանում ու վերացնում է հյուսվածքը։ Տարիներ անց, երբ մարդու մոտ արդեն ՁԻԱՀ է սկսվում, վիրուսը վերադառնում է արյուն։
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)․ պաթոլոգիական վիճակ, որը զարգանում է ՄԻԱՎ վարակման արդյունքում։ Վիրուսն ավիրում է իմունային համակարգի բջիջները, այն սկսում է վատ աշխատել, հիվանդացած մարդու օրգանիզմն այլևս չի կարողանում պաշտպանվել, և մարդը խոցելի է դառնում օնկոլոգիական և օպորտունիստական հիվանդությունները նկատմամբ։
Պակաս սպիտակուց․ ինչպես է մուտացիան պաշտպանում ՄԻԱՎ֊ից
Որոշ մարդիկ ՄԻԱՎ անվարակունակ են։ Պատճառը բջիջների մակերևույթին հայտնաբերվող սպիտակուցներից մեկի բացակայությունն է։
Բոլոր վիրուսները հստակ բջջային նպատակակետ ունեն, որը թիրախավորում են։ Կորոնավիրուսի դեպքում, օրինակ, թոքերի ու շնչառական ուղիների բջիջներն են։ ՄԻԱՎ֊ն էլ կոնկրետ դասի լիմֆոցիտների վրա է Հարձակվում։ Վիրուսի մակերևույթին կա սպիտակուց, որը նման է CD4-լիմֆոցիտների (T-հելփերներ) մակերևույթի սպիտակուցներից մեկին։ ՄԻԱՎ֊ի դեպքում, ի տարբերություն այլ վիրուսների, երկու սպիտակուց է պետք, ոչ թե մեկ։ Այսինքն, երբ ՄԻԱՎ֊ն ախտահարում է CD4-լիմֆոցիտները, այն պետք է միանգամից երկու մոլեկուլ֊ռեցեպտորներից կախվի․ բոլոր լիմֆոցիտներում առկա CD4 սպիտակուցից և CCR5 կամ CXCR4 համառեցեպտորներից։
Բայց մարդկության եվրոպոիդ ռասայի 1 տոկոսից ավելի քիչ հատվածի մոտ այդ երկրորդ սպիտակուցը՝ T-բջիջների CCR5-ը բացակայում է։ Այդ մարդիկ ՄԻԱՎ անվարակունակ են։
Այս մուտացիայի հստակ պատճառը հայտնի չէ։ Գիտնականները կարծում են, որ դա ինչ֊որ անհայտ ինֆեկցիայի և դրան հաջորդած բնական ընտրության արդյունք է։
Հետազոտողները բազմիցս փորձել են արհեստականորեն ճնշել CCR5 սպիտակուցները՝ որպես ՄԻԱՎ֊ի դեմ միջոց։ Լաբորատոր պայմաններում այն մկները, որոնց օրգանիզմից CCR5-ը վերացվել էր, սրտանոթային համակարգի խնդիրներով ձագեր էին ունենում։
Բացի այդ, ավելի ուշ պարզ դարձավ, որ ՄԻԱՎ անվարակունակ մարդիկ մի քանի անգամ ավելի խոցելի են մեկ այլ՝ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի նկատմամբ։ Վերջինս լրջագույն հետևանքներ է ունենում մարդու նյարդադեգեներատիվ համակարգի վրա։
Ինչո՞ւ պատվաստանյութ չկա
ՄԻԱՎ-ի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1980-ական թվականներին, բայց պատվաստանյութ դեռևս հայտնաբերված չէ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ՄԻԱՎ֊ի դեմ վակցինայի հայտնաբերումը տեսականորեն անհնարին է։ Պատճառն այն է, որ վիրուսը չափազանց արագ է մուտացվում, որպեսզի օրգանիզմի իմունային համակարգը կարողանա դրա դեմ արդյունավետ պատասխան արձագանք մշակել։
Գիտնականների մի խումբ արդեն տարիներ շարունակ, այնուամենայնիվ, աշխատում է այդ ուղղությամբ։ Նրանց մտահղացումն այն է, որ գուցե հնարավոր է գենային ինժեներիայի միջոցով ստեղծել վիրուս, որը ոչ թե կախտահարի, այլ իմունային պատասխան կհարուցի մարդու օրգանիզմում։ Այդ նոր վիրուսը հետագայում հնարավոր կլինի օգտագործել որպես պատվաստանյութ։ Այս ուղղությամբ աշխատանքները դեռևս հաջողության չեն հասել։ Այս ոչ ինֆեկցիոն վիրուսի արհեստական մոդելի նկատմամբ մարդը իմունիտետ ունենում է։ ՄԻԱՎ֊ը սակայն, արագ մուտացվում է, և նախորդ վիրուսի առաջացրած իմունային պատասխանը դադարում է կանխել ՄԻԱՎ֊ի առաջխաղացումը։
Այժմ գիտնականները փորձում են ուսումնասիրել վիրուսի այն հատվածը, որը մուտացիաների արդյունքում միևնույն է հաստատուն է մնում, և փորձել պայքարել դրա դեմ։ Բայց արյան մեջ գտնվելու կամ լիմֆատիկ հյուսվածքում բազմանալու ժամանակ այդ անփոփոխ հատվածները թաքնված են մնում։ Վիրուսը բացվում է միայն բջջին միանալու պահին։