Սուրճը կամ կոֆեինը, աշխարհում ամենաշատ օգտագործվող հոգեներգործուն նյութն են համարվում։ Ալկոլոիդների պարբերական օգտագործումը, սակայն, որոշակի կարճաժամկետ ազդեցություններ կարող է ունենալ մարդու գլխուղեղի վրա։ Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոֆեինի սպառումը կարող է ժամանակավորապես փոխել ուղեղի գորշ նյութի ծավալը, գրում է գերմանական Der Standard հրատարակչությունը։
«Գիտնականների եզրահանգումն անսպասելի էր․ հետազոտության շրջանակներում օգտագործված կոֆեինի հետևանքով փորձի մասնակիցների մոտ քնի խանգարումներ չէին հայտնաբերվել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ փոփոխության է ենթարկվել մարդկանց ուղեղի գորշ նյութը։ ․․․Հետազոտությանը մասնակցում էին 20 առողջ երիտասարդ մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա կյանքում ևս պարբերաբար սուրճ են խմում։ 10 օր տևած փորձի ընթացքում մասնակիցներն օրական երկու անգամ հատուկ դեղահաբեր էին ընդունում և բացառում այլ տեսակի կոֆեինի սպառումը։ Հետազոտության առաջին փուլում կամավորները կոֆեինի կոճակներ էին ընդունում, երկրորդում՝ առանց ակտիվ նյութի դեղահաբեր (պլացեբո)։ 10 օր անց գիտնականները գլխուղեղի հատուկ լուսանկարների միջոցով հաշվում էին գորշ նյութի ծավալն ու հետևում քնի որակին՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի միջոցով», – պատմում է Cerebral Cortex գիտական ամսագիրը։
Հետազոտության արդյունքում ստացված տվյալների համադրումից պարզ է դարձել, որ փորձի մասնակիցների քնի որակը նույնն է մնում, անկախ նրանից, կոֆեինով դեղահաբեր են ընդունել, թե պլացեբո։ ․․․Փոփոխության է ենթարկվում ուղեղի գորշ նյութի ծավալը․ օրեր շարունակ կոֆեինի փոխարեն պլացեբո ընդունած մարդկանց մոտ գորշ նյութի ծավալն ընդարձակվել էր։
Հատկապես ակնհայտ էր ուղեղի աջ քներակային մասի կենտրոնական հատվածի, նաև՝ հիպոկամպի ծավալային տարբերությունը։ Հենց հիպոկամպն է առանցքային դեր խաղում հիշողության համախմբման գործում։
«Մեր հետազոտության արդյունքում ստացված եզրակացությունները չեն նշանակում, որ կոֆեինը բացասաբար է ազդում գլխուղեղի վրա։ Ապացուցվել է, որ սուրճի ամենօրյա սպառումը փոխում է մեր կոգնիտիվ ապարատը, ինչն առնվազն վկայում է հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին», – պատմում է հետազոտական խմբի ղեկավար Կարոլին Ռայհերթը։
Կոֆեինը փոքրացում է ուղեղի գորշ նյութի ծավալը, բայց ընդհամենը 10 օր առանց կոֆեինի ապրելու դեպքում գլխուղեղում վերականգնողական պրոցես է սկսվում, այսինքն սուրճի առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները բացառապես ժամանակավոր բնույթ են կրում։ Գլխուղեղի տարբեր հատվածների վրա կոֆեինի ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են։