Կենսաբանները սահմանել են Գինեսի նոր ռեկորդ՝ իրագործելով մարդու գենոմի ամենաարագ սեքվենավորումը․ ամբողջ պրոցեսը տևել է 5 ժամ 2 րոպե, հայտարարվում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում։
Սեքվենավորում է անվանվում ԴՆԹ հաջորդականության վերլուծությունը, իսկ գենոմի սեքվենավորումը մեկ օրգանիզմի ամբողջական հաջորդականության բացահայտումն է և իրականացվում է հատուկ սարքերի՝ սեքվենատորների միջոցով։ Առաջին նախագիծը, որն ուղղված էր մարդու գենոմի վերծանմանը, մեկնարկվել է 1990֊ին և տևել 13 տարի։
Սթենֆորդի համալսարանի կենսաբանները «Oxford Nanopore Technologies» ընկերության հետ միասին ստեղծել են սարքավորում, որը վերլուծում է տեղեկատվությունը միաժամանակ 48 վերծանող միավորի (ячейка) գործածման միջոցով։
Գենոմի սեքվենավորման արագությունը կարևոր է որոշ գենետիկական հիվանդություններ ախտորոշելիս՝ արդյունավետ բուժման մեթոդիկա ընտրելու համար։ Վերծանման և դիագնոստիկայի լավագույն արդյունքը կազմել է 7 ժամ 18 րոպե, որը նախկին տվյալներից 2 անգամ ավելի արագ է։