Աշխատանքային խումբ է ստեղծվում Երասխ – Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով, տեղականում ենք վարչապետի՝ egov.am-ում հրապարակված որոշումից։
Խումբը ղեկավարելու է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Եվս 9 հոգի հայկական կողմից մասնակցելու է աշխատանքներին։
Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը․ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների ընթացքում, և հաստատվել է Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։ Մեղրու տարածքով անցնող երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջևանի էքսկլավի, իսկ Նախիջևանի միջով՝ նաև Թուրքիայի հետ։ Հայաստանը (Ադրբեջանի տարածքով) երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի և Իրանի հետ։ Հայաստանի կառավարությունից ընդգծում են՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերին նշել էր, որ երկաթգծի Մեղրու հատվածի շինարարությունը կարժենա շուրջ 200 միլիոն դոլար և կտևի մոտ 3 տարի։ Նույն երկաթուղու՝ Ադրբեջանի տարածքով անցնող մոտ 100 կմ-անոց հատվածում, որը Հորադիզից ձգվում է մինչև Հայաստանի սահման, շինարարությունն արդեն սկսվել է և ըստ Իլհամ Ալիևի կավարտվի մինչև 2023 թվականը։