Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
«Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ, ինչն անընդունելի է:
Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհաամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ», – իր ֆեյսբուքայն էջում գրառում է տարածել ՀՀ ԱՆ ՋԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։
Հիշեցնենք, որ 2020թ–ի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, սակայն, այս որոշումը չեն ընդունում։ Աշխատակիցները նշում են, որ որոշումը կայացվել է միանձնյա և ընդունելուց առաջ այն մասնագիտական քննարկման չի դրվել։
Սույն թվականի փետրվարի 25-ին ՄԻԱՎ-դրական անձանց աջակցման ծառայություններ մատուցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը գրառում էր կատարել, որ 2019 թվականի աշնանը ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ահազանգում էին և մտահոգություն հայտնում, որ, ըստ շրջանառվող լուրերի, ԱՆ փոփոխություններ է նախաձեռնում, որոնց արդյունքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն լուծարվելու է, ինչի հետևանքով ՄԻԱՎ վարակի հետ կապված բժշկական ծառայություններ (ՀՌՎ դեղերի ստացում, հետազոտությունների իրականացում, բժշկական զննում) կտրամադրվեն տեղամասային պոլիկլինիկաներում:
Դրանից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ և ներկայացրել պլանավորված փոփոխությունները․
- ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխարհագրական տեղակայվածությունը չի փոխվելու
- ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի բժշկական անձնակազմը շարունակելու է մատուցել ծառայություններ ՄԻԱՎ-ով ապրող անձանց
- ՄԻԱՎ-ով ապրող անձինք շարունակելու են ստանալ իրենց ՀՌՎ դեղերը և բժշկական ծառայությունները նույն վայրից
- Սպասվելիք կառուցվածքային փոփոխությունները որևէ բացասական ազդեցություն չեն ունենալու ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակի և նրանց տրամադրվող ծառայությունների վրա:
2020թ. կառավարության հունվարի 30-ի 77-Ա որոշումից հետո ՀԿ գրասենյակ ստացվող զանգերի թիվը բազմապատկվել են: ՄԻԱՎ-ով ապրող հարյուրավոր շահառուներ զանգահարում էին և ասում, որ, սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի համաձայն, իրենք ստիպված են լինելու գնալ և ՄԻԱՎ-ի հետ կապված բուժումն ստանալ տեղամասային պոլիկլինիկաներից, սակայն իրենք կնախընտրեն հրաժարվել բուժումից, քան թե այն ստանալ տեղամասային պոլիկլինիկաներում:
«Կազմակերպությունը պաշտոնական հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն ճշտելու, թե
- Արդյո՞ք Երևանի «Ավան» համայնքի Աճառյան փողոցի N 2 հասցեում գտնվող կառույցը տրամադրվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի իրավահաջորդին, թե մնալու է կառավարության հաշվեկշռում և օգտագործվելու է այլ նպատակներով:
- Ինչպես նաև արդյո՞ք ՄԻԱՎ-ով ապրող անձիք շարունակելու են ՄԻԱՎ վարակի հետ կապված բժշկական ծառայություններ (ՀՌՎ դեղերի ստացում, հետազոտությունների իրականացում, բժշկական զննում) ստանալ «Ավան» համայնքի Աճառյան փողոցի N 2 հասցեում գտնվող կառույցում», – նշվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
ԱՆ-ը պատասխանել է, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ին պատկանող՝ Երևանի «Ավան» համայնքի Աճառյան 2 հասցեում գտնվող կառույցը տրամադրվելու է ՁԻԱՀ ԿՀԿ-ի իրավահաջորդին, իսկ ՄԻԱՎ-ով ապրող անձինք շարունակելու են սպասարկվել նշյալ հասցեում գտնվող կառույցում, վայրի փոփոխություն նախատեսված չէ։