2022 թվականի Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիր է դարձել շվեդ գիտնական Սվանտե Պաաբեն, որը պալեոգենետիկայի (գիտությունը, որը հետազոտում է անցյալը՝ հնադարյան կենդանիների գեներն ուսումնասիրելու միջոցով) հիմնադիրներից մեկն է։ Մրցանակը Պաաբեին շնորհվել է անհետացած հոմինիդների (մարդակերպ) գենոմի և մարդու էվոլյուցիայի ուսումնասիրության համար՝ հայտարարել է Նոբելյան կոմիտեն։
Կոմիտեն գնահատել է Պաաբեի ներդրումները հինավուրց ԴՆԹ-ի անջատման, մաքրման և վերլուծության մեթոդների զարգացման մեջ։
Շվեդ գիտնականը դեռևս իր կարիերայի սկզբից ուսումնասիրում էր՝ ինչքանով է հնարավոր օգտագործել ներկայիս գենետիկական հետազոտությունների մեթոդները նեանդերտալյան մարդու ԴՆԹ-ն ուսումնասիրելու համար։
Հնադարյան մարդկանց ԴՆԹ հետազոտության բարդությունը կապված է ոսկորներում ԴՆԹ-ի քայքայման և քիմիական վնասումների հետ։ Բացի այդ, այս ԴՆԹ նմուշները մաքուր չեն լինում` դրանց խառնվում է նմուշների հետ աշխատող մարդկանց և մանրէների ԴՆԹ-ն։ Այդ պատճառով Պաաբեն կոլեգաների հետ միասին մշակել է ԴՆԹ-ն հնարավորինս լիարժեք անջատելու մեթոդիկա։
2008 թվականին Սիբիրի հարավում («Դենիսովա» քարանձավում) հայտնաբերվել էր մատի ոսկորի հատված, որը 40 հազար տարեկան էր: Պաաբեյի թիմը պարզել էր, որ ոսկորի ԴՆԹ-ն անսպասելիորեն լավ էր պահպանվել և սկսել դրա հետազոտման աշխատանքները։
Պաաբեն սկզբում զբաղվում էր միտոքոնդրիումային ԴՆԹ-ի անջատմամբ և սեքվենավորմամբ (գենային հաջորդականության որոշում), քանի որ այն ավելի կարճ է, իսկ հետազոտելն՝ ավելի հեշտ։ Ավելի ուշ գիտնականը սկսեց զբաղվել կորիզային ԴՆԹ-ի ուսումնասիրմամաբ։
2010 թվականին Պաաբեն հավաքել է նեանդերտալյան մարդու ամբողջական գենոմի առաջին օրինակը, ինչից հետո հնարավոր դարձավ համեմատել այն ժամանակակից մարդու գենոմի հետ։ Պաաբեն հայտնաբերել է, որ այժմ անհետացած հոմինիդներից գեների փոխանցումը հոմո սափիենսին կատարվել է մոտ 70 հազար տարի առաջ՝ Աֆրիկայից արտագաղթելուց հետո։
Գործնականում Պաաբեի հետազոտության կարևորությունը կայանում է նրանում, որ այս գեները շարունակում են որոշակի ազդեցություն ունենալ ժամանակակից մարդու վրա (օրինակ՝ թե ինչպես է մեր իմունային համակարգը արձագանքում վարակներին)։
Բժշկության և Ֆիզիոլոգիայի ոլորտում անցյալ տարվա Նոբելյան մրցանակակրներն էին ամերիկացի Դևիդ Ջուլիուսը և լիբանանահայ Արտեմ Փաթափությանը։ Նրանք հայտնաբերել էին ընկալիչներ, որոնց միջոցով նյարդային բջիջները «զգում են» տաքությունը և սառնությունը վերածելով դրանք մարդկային զգացողությունների, ինչպես նաև արձագանքում են ճնշմանն ու հպմանը։