Շվեյցարիայում հիվանդանոց է դիմել արտահայտված հևոցով և կրծքավանդակում ցավով 20֊ամյա երիտասարդ, ով պատմել է, որ պառկած դիրքում մաստուրրբացիայի ընթացքում իր մոտ հանկարծակիորեն սուր ցավային նոպա էր առաջացել։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդի մոտ զարգացել է միջնորմի* սպոնտան էմֆիզեմա՝ թոքային հյուսվածքի պատռվելու հետևանքով․ ըստ բժիշկների, պատճառը ձեռնաշարժությունն էր։ Դեպքի մասին գրում է Radiology Case Reports պարբերականը։ Գրականության մեջ նախկինում պատահած նմանատիպ դեպք չի հաջողվել գտնել։
Միջնորմի սպոնտան էմֆիզեման, որը այլ կերպ Համանի համախտանիշ կամ սպոնտան պնևմոմեդիաստինում է կոչվում, հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ թոքային հյուսվածքի կամ խոռոչավոր օրգանների ամբողջականության խախտման հետևանքով միջնորմը օդով է լցվում։ Օդը կարող է նաև հայտնվել ենթամաշկային տարածությունում (ենթամաշկային էմֆիզեմա) և արտահայտվել մաշկի շոշափման ժամանակ ճտճտացող ձայնով՝ կրեպիտացիայով։ Հիվանդությունը մեծամասամբ հանդիպում է 20֊ից 40 տարեկան տղամարդկանց շրջանում և առանց բարդությունների է ընթանում: Չնայած դրան, հիվանդները մի քանի օր բժշկական հսկողության կարիք ունեն։
20֊ամյա երիտասարդի մոտ բժիշկներին դիմելու պահին բարձր ճնշում, շնչառական շարժումների հաճախացում, դեմքի այտուցվածություն և բնորոշ ենթամաշկային կրեպիտացիա էր հայտնաբերվել։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքում նրա մոտ ենթամաշկային էմֆիզեմա են ախտորոշել, իսկ ավելի ուշ համակարգչային տոմոգրաֆիայով՝ միջնորմում օդի առկայություն։
Հոսպիտալացումից հետո սկզբնական շրջանում երիտասարդն օքսիգենոթերապիայի (հավելյալ թթվածնի թերապիա) կարիք էր ունեցել, որը մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար մարել է։ Կրծքավանդակի ցավի դեմ օգնել է պարացետամոլը։ Որպես կանխարգելիչ բուժում նաև եռօրյա հակաբիոտիկային թերապիա է նշանակվել, որից հետո տղան դուրս էր գրվել։
*կրծքավանդակի խոռոչի այն հատվածը, որը գտնվում է թոքերի և կրծքավանդակի առաջային և հետին պատերի միջև։