Home / Առողջապահություն / ՄԻԱՎ-ից բուժվածներից երրորդը կին է

ՄԻԱՎ-ից բուժվածներից երրորդը կին է

Ընթացիկ Ռետրովիրուսների և օպորտունիստական վարակների* մասին օնլայն կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է ՄԻԱՎ վարակակիր կնոջ բուժվելու առաջին դեպքի մասին։ Ամբողջ աշխարհում մինչ այժմ հայտնի է ՄԻԱՎ-ի բուժման ընդամենը 3 դեպք: Ենթադրվում է, որ սա կարող է հանդիսանալ վարակի բուժման ալգորիթմի հիմքը:

Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի պետական և Ջոնս Հոփքինսի մասնավոր համալսարանների գիտնականները ՌՕՎ կոնֆերանսի ժամանակ հայտնել են, որ CCR5 մուտացիայով ցողունային բջիջների տրանսպլանտացիան, հնարավոր է, բուժել է նյույորքցի կնոջ ՄԻԱՎ-ը։ Կանայք քիչ են ներգրավվում ՄԻԱՎ-ի բուժման փորձերում, այդ իսկ պատճառով այս հայտարարության մեջ հատկանշական էր նաև բուժվողի սեռը (թեև վարակակիրների գրեթե կեսը կանայք են, բուժման փորձարկումների մեջ նրանք ընդգրկված են միայն 11%-ով)։

Կնոջ մոտ ՄԻԱՎ-ն ախտորոշել են 2013 թվականին։ Դրանից չորս տարի անց` 2017-ին, նրա մոտ հայտնաբերել են լեյկեմիա (արյան քաղցկեղ): Լեյկեմիայի բուժման շրջանակներում նա ստացել է ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում, սակայն այս անգամ բացի հասուն մարդու ցողունային բջիջներից, բժիշկներն օգտագործել են պորտային արյան բանկից ստացած հատուկ բջիջներ, որոնք կրում էին CCR5 ընկալիչը կոդավորող գենի մուտացիա։ Այս ընկալիչը գտնվում է իմուն բջիջների վրա և վիրուսի համար «դուռ» է հանդիսանում, որի օգնությամբ այն ներս է թափանցում բջիջ։ Մուտացիան կրող բջիջներում վիրուսի մուտքը խանգարվում է, և այն ձեռք է բերում վարակի նկատմամբ որոշակի կայունություն։

Փոխպատվաստումից հետո 2020 թվականի հոկտեմբերին՝ հիմնվելով պացիենտի լաբարատոր անալիզների վրա, բժիշկները որոշում են կայացրել դադարեցնել հակառետրովիրուսային դեղորայքային բուժումը։ Կնոջ արյան դրական փոփոխությունները շարունակվել են, և արդեն 14 ամիս է, ինչ դեղորայքի բացակայության պայմաններում նրա ՄԻԱՎ թեստի արդյունքները բացասական են։

Մինչ այժմ հայտնի էր միայն երկու տղամարդկանց բուժման մասին՝ Բեռլինում և Լոնդոնում։ Այս դեպքերում նույնպես կատարվել է ոսկրածուծի փոխպատվաստում։ Բուժումը միշտ չէ, որ դրական ելք է ունենում, քանի որ ցողունային բջիջների պատվաստումը ինքնին կարող է բերել հիվանդի մահվան։ Այդ իսկ պատճառով այն կիրառում են հիմնականում պոտենցիալ մահացու քաղցկեղ ունեցող հիվանդների շրջանում։

ՄԻԱՎ-ը համարվում է անբուժելի վարակ, որի հարուցիչը ռետրովիրուսն է։ Այն ախտահարում է իմուն համակարգի բջիջները և բուժման բացակայության պայմաններում բերում է իմուն անբավարարության։ Հակառետրովիրուսային դեղորայքի ստեղծման շնորհիվ այժմ ՄԻԱՎ-ը մեծամասամբ լիովին վերահսկելի է։ Աշխարհում հաշվարկվում է մոտ 38 միլիոն ՄԻԱՎ վարակակիր։

*Օպորտունիստական վարակները հիվանդություններ են, որոնք բնորոշ չեն առողջ մարդկանց, սակայն կարող են առաջանալ իմունային անբավարարությամբ ուղեկցվող տարբեր հիվանդությունների հետևանքով՝ որպես երկրորդային բարդություն։ Նշված հիվանդությունների հարուցիչները հաճախ բնակվում են նաև առողջ մարդկանց օրգանիզմում՝ չառաջացնելով որևէ խնդիր, իսկ ՄԻԱՎ վարակակիրների մոտ սրանք մահվան հիմնական պատճառ են հանդիսանում։