Home / Մեդիա / Ծիր Կաթինում նկարել են սև խոռոչի ստվերը

Ծիր Կաթինում նկարել են սև խոռոչի ստվերը

Event Horizon Telescope դիտարանների ցանցը ստացել է Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում տեղակայված գերխոշոր սև խոռոչի ստվերի պատկերը։

Սա մեր գալակտիկայում առաջին սև խոռոչի պատկերն է։

Սև խոռոչի հեռավորությունը Արեգակից կազմում է 27 հազար լուսային տարի, այն կապված է SgrA A* (Աղեղնավոր Ա*) ռադիոաղբյուրի հետ։

Սկզբում, սև խոռոչի մոտակա աստղերի շարժման հետագծին հետևելիս, հայտնաբերվել է գալակտիկայի կենտրոնում գտնվող հոծ օբյեկտը, ինչի համար 2020 թվականին երկու գիտնականների Նոբելյան մրցանակ է շնորհվել։ Ավելի ուշ GRAVITY նախագծի աստղագետները կարողացել են ապացուցել, որ Ծիր Կաթինի կենտրոնում սև խոռոչ կա, որի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի 4.29 միլիոնապատիկը։

Աստղագետների հաշվարկները այժմ ապացուցվել են պատկերով։

https://twitter.com/ehtelescope/status/1524737908892049408?s=12

Event Horizon Telescope կազմակերպութունը միջազգային համագործակցություն է՝ բելգիացի գիտնական Շեփարդ Դոլմենի ղեկավարությամբ, և գործում է 2009 թվականից։ Նրանց նախաձեռնությունը գերերկար բազայով համաշխարհային ռադիոինտերֆերոմետր է (ռադիոընդունիչ սարք), որը աշխատում է 1.3 մմ երկարությամբ ռադիոալիքի վրա։

Գերխոշոր սև խոռոչի ստվերի պատկեր առաջին անգամ ստացել են 2019 թվականին՝ M87 ակտիվ էլիպսաձև գալակտիկայի կենտրոնում։ Պատկերը ստանալու համար գործածել էին 8 մայրցամաքներում տեղակայված աստղադիտակներ, իսկ տվյալները մշակել էին գերհամակարգիչների օգնությամբ։ Աստղադիտակների համաժամանակեցման համար օգտագործել էին ատոմային ժամեր։

Սև խոռոչը նյութի տիեզերական ձգողականության լիարժեք կոլապսի արդյունքում առաջացող տարածաժամանակային շրջան է։ Սև խոռոչների հսկայական ձգողականության ուժի արդյունքում ինֆորմացիա կրող որևէ մասնիկ չի կարող լքել այն՝ այդ թվում լույսի քվանտը։ 

Տարածության այսպիսի շրջանների գոյության հնարավորությունն առաջին անգամ ապացուցել է Կառլ Շվարցշիլդը՝ Ալբերտ Այնշտայնի հավասարումների մի քանի ճշտգրիտ լուծումների արդյունքում։ Ավելի վաղ նման աստղագիտական օբյեկտներն անվանում էին «կոլապսարներ» կամ «սառած աստղեր»։