Parker տիեզերական զոնդն առաջին անգամ հատել է արեգակնային թագն ու մագնիսական դաշտերի և մասնիկների օրինակների չափումներ է իրականացրել։ «Պատմության մեջ առաջին անգամ տիեզերանավը հպվել է Արևին», – գրում է ՆԱՍԱ-ն։
Parker-ը գտնվում է Արեգակից 8.5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Սա աստղին մոտենալու նոր ռեկորդն է։ Բացի այդ, Parker-ը շարժվում է 587 հազար կմ/ժ արագությամբ, ինչն առավելագույնն է մարդու ստեղծած օբյեկտների համար։
Զոնդն իր անվանումը ստացել է ի պատիվ աստղաֆիզիկոս Յուջին Պարկերի։ Երկրից թռիչքի մեկնարկը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսին։ Նոյեմբերին սարքը հասել է Արեգակից 24 միլիոն կմ հեռավորության և հաջողությամբ ուղարկել է առաջին ազդանշանը։
Parker-ն ապահովված է ջերմային վահանով, տեսախցիկով, մագնիսային և էլեկտրական դաշտերի չափման սարքերով և այլն։ Զոնդի առաքելությունը նախնական հաշվարկներով կտևի 7 տարի, որի ընթացքում զոնդը պետք է 24 անգամ պտույտ գործի Արեգակի շուրջը։