Շուրջ կես տարի առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանը 3․5 միլիարդ դրամ է տրամադրելու՝ Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր, որ Pfizer-ի մատակարարումը կիրականացվի այդ ամսվա կեսերին, «եթե ուշացումներ չլինեն»։ Նախարարությունը նշել էր նաև, որ «հայկական կողմն իր պարտավորություններն արդեն կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը», ինչից կարելի էր եզրակացնել, որ Երևանը պատվաստանյութի գումարը վճարել էր։ Չինական Sinopharm-ն արդեն վաղուց կիրառվում է Հայաստանում, մինչդեռ հենց գնվելիք Pfizer-ը դեռևս չի ժամանել։ Այս թեմայով զրուցեցինք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։
Թե կոնկրետ երբ գնվելիք Pfizer-ը կհասնի Երևան, Խաչատրյանը խուսափեց պատասխանել։
«…Ինչ-որ հարցեր կան, ձգձգվում է, և մենք դեռ բանակցային փուլում ենք, պայմանագրի կնքման փուլում ենք։ Գնում անելու ենք Pfizer-ի, բայց ես այսօր դեռևս ժամկետ չեմ կարող ասել»,- նշեց պաշտոնյան։
Թե ինչ էր նշանակում հայկական կողմի՝ պարտականությունների կատարած լինելու մասին հայտարարությունը, ևս հստակ չէ։
Ավելի վաղ՝ այս տարվա հունիսին, հայտարարվել էր նաև, որ աշնանն արդեն կունենանք Janssen-ի (մեկ դեղաչափով) և Novovax-ի պատվաստանյութերը: Ձմռան առաջին ամսին դեռևս պարզ չէ՝ հենց այս պատվաստանյութերը Հայաստանը ձեռք կբերի, թե ոչ։
«Առողջապահության նախարարությունը շարունակում է բանակցել քովիդի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար թե Covax հարթակում, թե երկկողմանի առանձին բանակցությունների ձևաչափով։ Թե որ պատվաստանյութերը կլինեն մեր երկրում, արդեն հստակ պայմանագիր կնքելուց հետո պարզ կլինի։ Տարբեր պատվաստանյութերի դեպքում, բնականաբար, տարբեր ժամկետների մասին է խոսքը․․․Շարունակաբար տարբեր պատվաստանյութերի համար նախարարությունը բանակցություններ վարում է», – ասաց Խաչատրյանը։
Կա նաև լավ նորություն․ ինչպես երեկ հայտարարվել էր՝ Պուրտուգալիան Հայաստանին կնվիրի շուրջ 400 000 դեղաչափ Pfizer, որոնք, սակայն, որևէ կապ չունեն հանց գնվելիք պատվաստանյութի հետ։
Հայաստանում, հիշեցնենք, այժմ հասանելի են ամերիկյան Moderna, բրիտանա-շվեդական AstraZeneca, ռուսական Sputnik V, ինչպես նաև չինական Sinopharm և CoronaVac (միայն երկրորդ դեղաչափ) պատվաստանյութերը։
Դեկտեմբերի 12-ի տվյալներով երկրում կատարվել է 1 452 374 պատվաստում, որից 869 750-ն՝ առաջին դեղաչափ, իսկ 582624-ը ՝ երկրորդ դեղաչափ։ Ամբողջական պատվաստում ստացածների 54․1%-ը տղամարդիկ են, 45․9%-ը՝ կանայք։ Ընդ որում՝ ամբողջապես պատվաստվածների 60․5%-ը՝ 35-64 տարեկաններն են 15․2%-ը՝ 65 տարեկանից բարձրերը, իսկ 24․29%-ը՝ 18-34 տարեկանները։ 12-17 տարեկանները, ովքեր կարող են պատվաստվել միայն Moderna-ով, կազմում են լրիվ պատվաստում ստացածների 0․01%-ը։
Դեկտեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ հայտնաբերվել է քովիդով վարակման 212 նոր դեպք (թեստերի 2․7%-ը)։ Առողջացել է 255 մարդ, մահացել՝ 11-ը։ Փաստացի քովիդից բուժում է ստանում 7076 պացիենտ։ Ընդհանուր առմամբ քովիդից մահացել է 7856 մարդ։ Քվոիդով վարակված ևս 1486 մարդ, ըստ ԱՆ-ի, մահացել է «այլ պատճառներով»։