Կոստա Ռիկան դարձել է աշխարհի առաջին պետությունը, որտեղ քովիդի դեմ պատվաստումը պարտադիր է նաև 5-11 տարեկան երեխաների համար։
Մեծահասակների համար պատվաստում պարտադիր է դարձել դեռ այս տարվա մարտին, գրում է BBC-ն։ Այժմ պահանջը տարածվելու է նաև երեխաների վրա։
Կոստառիկացի երեխաների պարտադիր պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա մարտից։
Շուրջ 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչ այժմ կորոնավիրուսից պատվաստվել 12 տարեկանից բարձր բնակչության 55 տոկոսը, շուրջ 70 տոկոսը ստացել է միայն առաջին չափաբաժինը։
Երկիրը ամերիկյան Pfizer ընկերությունից այժմ պատվաստանյութի շուրջ 3,5 միլիոն դեղաչափ է պատվիրել, որից 1,5 միլիոնը՝ նախատեսված երեխաների համար։
Այս շաբաթվանից ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութով պատվաստել նաև 5-11 տարեկան երեխաներին։ Մանկական պատվաստանյութը կներարկվի երկու դեղաչափով՝ 10-ական միկրոգրամ (12 տարեկանից բարձ մարդկանց համար նախատեսված պատվաստանյութի 1/3-րդը)։ Երկրորդ դեղաչափը կներարկվի առաջինից երեք շաբաթ հետո։ Դրանք կմատակարարվեն առանձին փաթեթավորմամբ և կներարկվեն մանկական հատուկ ասեղների միջոցով։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ 5-11 տարեկան 1,9 միլիոն երեխա վարակված է եղել COVID-19-ով: CDC-ի տվյալներով՝ պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում ունեցել է հիվանդացության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն։ ԱՄՆ պատվաստումն, ամեն դեպքում, կամավոր կլինի, ի տարբերություն Կոստա Ռիկայի՝ պարտադիր բնույթ այն չի ունենա։