18։21 — Տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն` հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ-ը։
Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է», – ասվաած է ՄԻՊ հաղորդագրությունում։
16։54 — Այսօր տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։ Այս մասին հաղորդել է Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը։
«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։