Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հաստատվել է Քննչական կոմիտեից։
Կարեն Պողոսյանն անցնում է Գորիսում տեղի ունեցած հրաձգության գործով։
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ի գիշերը, ըստ ՔԿ-ի, Գորիսում կրակոցներ են հնչել․ երկու հոգի (հրազենային և ծակած-կտրած վնասվածքներով) տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, փոխադրելու կամ կրելու, խուլիգանության հոդվածներով։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») ու ներկա մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի բարեկամների միջև։
Վիրավորներից մեկը՝ Հ․ Վարդանյանը, ներկա մարզպետի որդու՝ Կարենի ընկերն է, մյուսը՝ Մելիքսեթ Բարսեղյանը, նախկին մարզպետի աներորդին է։ Ըստ մամուլի՝ դեպքի մասնակիցների թվում են եղել նաև Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, և Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարենը։