ՔՊ պատգամավորի թեկնածու, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի (հայտնի է նաև «Գռզո» մականվամբ) եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, կալանավորվել է։ Դատարանի որոշումը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 22-ին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հուլիսի 8-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում Ռոբերտ Սուքիասյանը վիճաբանության մեծ է մտել Նարեկ Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, քանի որ վերջիններս ազդանշաններ են տվել և վիրավորանքներ հասցրել իր ծանոթի կնոջը։ Վիճաբանությանը Սուքիասյանից բացի մասնակցել են մի խումբ այլ մարդիկ, այդ թվում՝ հիշյալ ծանոթը։
Վեճի ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը նախ` գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական կերպով իրեն պատկանող 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը։
Սուքիասյանը ատրճանակից 2 կրակոց է արձակել Կարապետյանի ոտքերի ուղղությամբ, այնուհետև կրակել է նաև վերջինիս ընկերոջը՝ պատճառելով նրան աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք, ինչից հետո հեռացել է:
Ռոբերտ Սուքիասյանը, հիշեցնենք, մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ (ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով): Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ձերբակալել նաև Նարեկ Կարապետյանին։
Գործարար Խաչատուր Սուքիասյանը միջապեդի հաջորդ իսկ օրը, երբ մամուլում արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում նրա եղբող անմիջական մասնակցության մասին, ֆեյսբուքում գրել էր, որ «Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն իր համար անընդունելի է» և համոզմունք հայտնել, որ «անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են»։