«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանի պնդմամբ՝ ձերբակալությունն իրավաչափ չէ, և իրենք արդեն բողոք են ներկայացրել դատարան:
Հուլիսի 18-ի երեկոյան Ամիրյան 18 հասցեում կրակոցներ էին հնչել: ՔԿ-ից հայտնել էին, որ դեպքի վայրից ոտքի շրջանի հրազենային վնասվածքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ԱՄՆ մի քաղաքացի: Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ կրակողը գործարար Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) եղբայրն է։ Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ խուլիգանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով։
Ինքը՝ Սուքիասյանը, ֆեյսբուքում գրել էր, որ «Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն իր համար անընդունելի է» և համոզմունք հայտնել, որ «Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»։
Թարմացում 23:46 – Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)։ ՔԿ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ դատարան է ներկայացվել Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն։