Գորիսում գիշերը կրակոցներ են հնչել։ Ժամը 01:00-ի սահմաններում, ըստ Քննչական կոմիտեի, Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ենթադրյալ զինված անձին՝ «իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով» «սպանելու դիտավորությամբ» կրակոցներ են արձակել Գորիսի երկու բնակիչների ուղղությամբ, բայց «իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը»․ վերջիններս տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (հայտնի է նաև «Լիսկա» մականվամբ) ու ներկա մարզպետների Մելիքսեթ Պողոսյանի բարեկամների միջև։ Շոշափվում են ներկա և նախկին մարզպետների որդիների անունները։
Ոստիկանության հետ համագործակցող shamshyan.com-ի տեղեկություններով՝ երկու վիրավորներից մեկը՝ Հ․ Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարենի ընկերն է, մյուսը՝ Մ․Բարսեղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ Հ․ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» աշտորոշմամաբ, իսկ Մ․ Բարսեղյանը՝ «ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք /1.5-0.5 սմ/» ախտորոշմամբ։
Սյունիքի մարզպետարանից կամ իրավապահ մարմիններից լրագրողներին մեկնաբանություններ չեն տալիս։
«Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում, փաստացի, չի հերքել, որ դեպքի մասնակիցները կապ ունեն ներկա և նախկին մարզպետների ընտանիքների հետ։ Նա, այնուամենայնիվ, չի կարծում, թե միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի։
Ռադիոկայանի լրագրողի հարցին` հանդիպե՞լ է մարզպետի հետ, ում որդու անունն է նաև շրջանառվում, պատգամավորը պատասխանել. «Ո՛չ, դեռևս չեմ խոսել մարզպետի հետ, բայց կարծում եմ, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում այս դեպքն ամբողջությամբ կպարզաբանվի»:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապօրինի կերպով հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը, խուլիգանություն հոդվածներով։