Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճռել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման։ Վերջինս մեղադրվում է ահաբեկչության, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, Ադրբեջանի պետսահմանը ապօրինի կերպով հատելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրան սովորաբար ներկայացնում են որպես «վարձկան», թեև վարձկանության համար մեղադրանք չի առաջադրվել։
Դուբակովը, ըստ վճռի, պատիժը կկրի խիստ ռեժիմի բանտում, այնուհետև կարտաքսվի Ռուսաստան։
Հայազգի ռուսաստանցին 2021 թվականի հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Ադրբեջան, ձերնակալվել է Բաքվում՝ հունվարի 18-ին։
Մեղադրող կողմը պնդում է, որ նա մինչ այդ (2018-2019 թվականներին) մի քանի անգամ եղել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, անդամակցել է «ՈՄԱ» (Ողջ մնալու արվեստ) մարտական կազմակերպությանը, 2019 թվականին մասնակցել է Քելբաջարում կազմակերպված մարտական վարժանքներին… Մեղադրական կողմը վկայակոչում է նրա հեռախոսում, իբր, հայտնաբերված նամակագրությունը «արցախցի» անունով գրանցված մի օգտատիրոջ հետ, ինչ-որ հեռախոսազանգեր (ոմն Արտյոմի, Միրզոյանի, Զարյանի հետ) և այլն։
Դուբակովը, ըստ «Թրենդ» գործակալության, խոստովանական ցուցմունք է տվել, թե «ՈՄԱ» կազմակերպության մասին իմացել է 2018 թվականին՝ համացանցից, որոշել է անդամակցել, 2018-ին և 2019-ին եկել է Հայաստան, այնուհետև՝ Ղարաբաղ, մասնակցել է վարժանքներին և հետ վերադարձել է Ռուսաստան։
Հուլիսի 7-ին, սակայն, ըստ «Кавказский узел»-ի, Դուբակովը հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից և հայտարարել, որ դրանք տվել է ճնշման տակ։
Նա հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղ է գնացել Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։ Այս վարկածը դատարանի կողմից մերժվել է․․․
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսանությունից «Кавказский узел»-ին մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել․ դեսպանատան աղբյուրը, սակայն, հաստատել է, որ մեղադրյալը իսկապես հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից, և նշել, որ դեսպանատան աշխատողները ներկա են գտնվում դատական նիստերին։