Օգոստոսի 1-ին Շուշիի մերձակայքում՝ ադրբեջանական սահմանի մոտ, ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32-ամյա Իզաուրա Բալասնյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կիննը հայտարարել է, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ տուն՝ Շուշի քաղաք, ադրբեջանցի և ռուս սահմանապահները նրան և նրա երեխաներին հանձնել են Արցախի ԱԱԾ-ին:
Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:
«Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի․Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», — նույն աղբյուրի հետ զրույցում ասել է կինը:
44-օրյա պատերազմից հետո, ըստ Forrights-ի, Իզաուրա Բալասանյանը իր 4 երեխաների հետ բնակություն է հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:
Ասում է՝ որոշել է հեռանալ այնտեղից, երբ տան տերը բարձրացնել է վարձը, սարքել 150 հազար դրամ: Կինը դիմել է տարբեր մարմինների, կացարան խնդրել («Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»), փորձել է հանդիպել նաև Արցախի տարածքային կառավարման նախարարին, բայց նախարարը չի ընդունել, ինքն էլ որոշել է վերադառնալ տուն՝ Շուշի։
Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում կիսաքանդած, օձերով լի տուն են հատկացրել: Ընկերներից մեկը որոշ ժամանակ անց նրան տեղափոխել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող Ջամալու կոչվող տեղանք։ Այժ նա և նրա անչափահաս երեխաներն այնտեղ են ապրում, Բալասանյանի փոխանցմամբ՝ առանց տարրական հարմարությունների, սոցիալական ծանր վիճակում։