Գերմանական Pfizer պատվաստանյութը սեպտեմբերի կեսերից կլինի Հայաստանում, եթե ուշացումներ չլինեն։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով, որ հայկական կողմն իր պարտավորություններն արդեն կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը։
«․․․Սպասում ենք Pfizer-ին, լինելու է խմբաքանակը։ Ամեն ինչ ՀՀ առողջապահության նախարարությունն [անում է], որպեսզի ժամկետներից չուշանա։ Մենք մեր մասով գործընթացի հետ կապված արել ենք․․․Covax հարթակով ենք ձեռք բերում, բայց գիտեք՝ աշխարհում ինչ թեժ պայքար է պատվաստանյութերի ձեռքբերման համար։ Ուշացումներ ամեն տեղ լինում են, հիմա կհասկանանք՝ երբ կլինի», – Epress.am-ի հետ զրույցում նշեց խոսնակը։
Խաչատրյանի հետ զրուցեցինք նաև սոցցանցերում վերջին ամիսներին տարածվող տեղեկություններին, թե Հայաստանում արված (հիմնականում AstraZeneca-ով) պատվաստումը չի ընդունվում որոշ՝ մեծամասամբ եվրոպական պետություններ ճամփորդելիս։
«…Դա եղել է սկզբնական շրջանում, երբ ճանապարհները բացեցին՝ օդային և ցամաքային [և] երկրները պարտավորվեցին շարժը ապահովել և ընդունել զբոսաշրջիկներին կամ օտարերկրացիներին։ Այդ պարագայում պատվաստվածների դեպքում QR-կոդերի կամ հավաստագրերի փոխճանաչման գործընթաց էր ընթանում։ Այստեղ ոչ թե կոնկրետ պատվաստանյութի ճանչաման կամ մեր ունեցած AstraZeneca-ի ուրիշ կամ նույնը լինելու խնդիր է եղել, այլ ընդամենը սերտիֆիկատ կոչվածի փոխճանաչման գործընթացն է եղել։ Գործընթացն ավարտվել է, իդեպ, ԱԳՆ-ի մասնակցությամբ՝ իրենց կարգավորումներով, և հիմա նման դժգոհություններ և բողոքներ քաղաքացիներից մենք չենք ստանում․․․», – նշեց պաշտոնյան։
Հայաստանում այս պահին կիրառվում է 4 տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik-ը, բրիտանաշվեդական AstraZeneca-ն, չինական Sinopharm-ն ու Coronavac-ը (միայն երկրորդ դեղաչափ)։
Հայաստանում կիրառվող AstraZeneca-ն, որը (Pfizer, Moderna և Janssen) պատվաստանյութերի հետ միասին) հաստատվել է թե ԱՀԿ-ի, թե ԵՄ առողջապահական կարգավորողի (ЕМА) կողմից, այս պահին ընդունվում է ԵՄ երկրներում ճամփորդության համար։ Sputnik-ը, ինչպես և չինական երկու պատվաստանյութերը դեռևս չեն հաստատվել ЕМА-ի կողմից։ Չինական պատվաստանյութերը սակայն ընդունվում են ԵՄ երկրների մի մասում։
ԱՄՆ-ում ընդունվում են լոկ Pfizer, Moderna և Janssen պատվաստանյութերը, որոնք բոլորն էլ ամերիկյան արտադրության են։
Ռուսաստանում հայաստանցիներին հասանելի պատվաստանյութերից ընդունվում է միայն ռուսական Sputnik-ը։